ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ԿԸՆՏՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեեւ տարեսկզբի միտումները մտահոգում են, այնուամենայնիվ, Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպերի նվազում է նկատվում: Ըստ նախարարի` վերջին օրերին տեղի ունեցած մահացու ելքով միջադեպերի կրկնությունն անհետեւողականության եւ ձեռքբերումներից հետո թուլացման արդյունք է:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը երեկ բանակային միջադեպերի պատճառները բաժանեց տեսակների. «Առաջինը` պետք է նայել, թե որքանով են զինծառայողները կարողանում յուրացնել զինվորական մասնագիտության կարեւոր ուղղությունները, ինչպես գործել, որպեսզի պատահարներ չլինեն զենքի օգտագործման կանոնների խախտման պատճառով: Որքանով են նրանք յուրացնում մարտական հերթապահության անվտանգության պայմանները եւ չեն խախտում արդյոք այդ պայմանները: Որքանով է կատարվում միջանձնային հարաբերությունների այսօրվա գործող կանոնադրությունը: Սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բանակում բերում են պատահարների: Բացի այդ, բանակում ծառայողների հիմնական մասը տղաներ են, որոնք ցանկանում են ինքնահաստատվել, եւ նման կառույցում կարգուկանոն հաստատելը բարդ գործ է»:
Սեյրան Օհանյանը շատ լավ է հասկանում նաեւ զոհված զինվորների ծնողներին, որոնք շարունակ դժգոհում են` հաճախ վիրավորելով չինովնիկներին. «Մենք անում ենք հնարավորը` մահացած զինվորների ծնողների առջեւ արդար ու ազնիվ լինելու համար, բայց ինչ էլ անենք, ծնողը մաքսիմալ պատիժ է պահանջում, որովհետեւ երեխա է կորցրել»: Բանախոսը որդեկորույս մայրերին սփոփելու համար տեղեկացրեց, որ 3,5 տարում աշխատանքից ազատվել է զինված ուժերի ղեկավար կազմի մոտ 10 պաշտոնյա, գրեթե նույնքան էլ պատժվել են, ազատվել են զորամասերի 30-ից ավելի հրամանատարներ: Թե այս վիճակագրությունը որքանով կօգնի երեխա կորցրած ծնողներին` փարատելու ունեցած վիշտը, դժվար է ասել:
Ինչեւէ, դառնալով ՀՀ պաշտպանության նախարարի եւ լրագրողների հետ կայացած հանդիպմանը` տեղեկացնենք, որ նախարարը կրկին խոսեց իր եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջեւ առկա հակասությունների մասին` բնականաբար հերքելով շրջանառվող լուրերը. «Նման հակասություններ չկան ու չեն կարող լինել: Բանակում այսօր չկա որեւէ մեկը, ով չի կատարում զինված ուժերի բարեփոխման ու զարգացման ծրագիրը»: Հիշեցնենք, որ անգամ բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» վերլուծական կենտրոնը, գնահատելով հայկական զինուժի իրավիճակը եւ մատնանշելով հայտնի խնդիրները` կարգապահական վիճակի հետ կապված, արձանագրել էր, որ զինուժում առկա է երկու թեւի հակադրություն` Սեյրան Օհանյան եւ բարեփոխիչ նոր սերունդ, ու հին պահպանողական զինվորականներ: Համընդհանուր ընկալմամբ` այդ թեւի «հրամանատար» է դիտվում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Սակայն պաշտպանության նախարարը համաձայն չէ այս գնահատականին:
Սեյրան Օհանյանը երեկ հրապարակավ խոստացավ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական միջոցառումների ժամանակ, նրանք միայն կմասնակցեն ընտրություններին` որպես ՀՀ քաղաքացի: «Յուրաքանչյուր զինվոր Հայաստանի քաղաքացի է, եւ նրանք ընտրություններին կարող են մասնակցել այնքանով, որքանով որ անհատ քաղաքացիները կարող են համակրել այս կամ այն գործչին կամ կուսակցությանը»,-նշել է պաշտպանության նախարարը: Հուսանք, որ նա իր խոստումը կկատարի, եւ հայոց գեներալները կրկին չեն մտնի ընտրատեղամասեր` իրենց զորամասի կողմից նախատեսված գլխաքանակը ՀՀԿ-ին «նվիրելու» համար:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս