Բարեկամների թիվը ՀՀԿ անդամատոմսից ավելին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնականում տեխնիկական պատճառներով տեղական ընտրությունները Հայաստանում փուլերով են կազմակերպվում: Համայնքների թիվը մեր երկրում հասնում է 1000-ի, ու եթե ամեն անգամ մոտ 40 համայնքում քվեարկություն կազմակերպվի (ինչպես օրինակ՝ երեկ) ընտրությունների խաղաղ ելքը մշտապես երաշխավորված կարելի կլինի համարել:

Պակաս կարևոր չէ, որ մարզերը ՏԻՄ ընտրություններին մասնակցում են զանգվածաբար: Ասենք, տվյալ մարզն ունի մի քանի տասնյակ համայնք, բայց այդ փուլում ընտրություններ են կազմակերպվում դրանցից ընդամենը 3-ում, ինչը նույնիսկ տվյալ մարզում նախընտրական իրարանցում չի կարող առաջացնել: Չպետք է անտեսել նաև ամենագլխավորը. մրցապայքար որպես այդպիսին չկա: Հիմնական «ֆավորիտները» սովորաբար ունենում են դրածո-ուղեկիցներ ու ջախջախիչ «հաղթանակ» տանում: Ավելի վաղ, երբ նոր միայն առաջադրումների փուլն է սկսված լինում ու պատահաբար ինքնակամ մրցապայքարի ելած ինքնուրույն թեկնածուներ էլ են հայտնված լինում ասպարեզում, նրանք շատ արագ բարձր մակարդակով մաղվում են ու հետ կանգնում մրցապայքարից:

Կուսակցական պայքարը նույնպես ՏԻՄ ընտրություններում բացակայում է: Հակառակ նրան, որ թեկնածուների կեսից ավելին ՀՀԿ-ական է կամ իշխանական կուսակցություններից որևէ մեկի անդամ, այս գործընթացում քաղաքական – կուսակցական պայքար երբևէ գոյություն չի ունեցել: Արդյունքում՝ շատ ազգականներ ունենալը տվյալ թեկնածուի համար ավելին է, քան ամենաիշխանական կուսակցության անդամատոմսն ու կրծքանշանը:

Հենց այդպես էլ Հայաստանում կազմակերպվում են ՏԻՄ ընտրությունները և ընտրվում բարեկամ-ազգականների ներկայացուցիչ-գյուղապետերը:




Լրահոս