Ալիևի արձանը պետք է դնել Երևանում, իսկ Քոչարյանի՞նը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «պատկերացումներ»-ի տարբերությունն`արդյոք Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ներքաղաքական լուրջ հակամարտության վերածվելու նախադրյալներ է պարունակում:

Երեկ արձագանքելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն հայտարարությանը, թե` ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, Ռոբերտ Քոչարյանը ջուր է լցրել ադրբեջանական ջրաղացին, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է.«Շավարշ Քոչարյանը լուրջ խնդիրներ ունի, ու ոչ միայն հիշողության հետ»: Ներկայացնելով Քոչարյանի պատկերացումների հիմքը` Սողոմոնյանը հիշատակել է նաեւ Քի Ուեսթը`«որի հիմքում ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորումը»:

Ուշագրավ է, որ հիշողության հետ խնդիրների առկայության մասին խոսող նախկին նախագահի խոսնակն ինքն էլ մոռացել է հիշատակել, թե ինչի գնով և ինչպես էր Լեռնային Ղարաբաղը միավորվելու Հայաստանին: Այսօր արդեն անթաքույց կերպով թե՛իշխանական, թե՛ընդդիմադիր ճամբարների ներկայացուցիչները պնդում են, որ մենք պետք է Հեյդար Ալիևի արձանը կանգնեցնենք Երևանում` այն բանի համար, որ նա վերջին վայրկյանին փոշմանեց և կյանքի չկոչվեց Հայաստանի առաջիկա ոչնչացծան ծրագիրը. այն` ինչ իրենից ներկայացնում էր Քի Ուեսթը` ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապելու գոբլյան նորացված տարբերակով: Էլ չասած` բոլոր ազատագրված տարածքները հանձնելու, և որ ամենասարսափելին է ` Շուշին ազերիներին տալու` քիուեսթյան բանակցությունների արդյունքում ձեռբբերված պայմանավորվածության մասին:
Քի Ուեսթը, բարեբախտաբար, կյանքի չկոչվեց, սակայն այսօր ևս ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մեզ չի հրամցվի շատ ավելի վատ մի տարբերակ: Քանզի ներկայում ՀՀ ողջ քաղաքական դաշտը, էլ չասած ժողովրդի մասին, մեծ հաշվով, անմասն է ընթացող խաղից: Եվ մենք որևէ կերպ երաշխավորված չենք, որ ինչպես սեպտեմբերի 2-ին քնեցինք Եվրոպայի մասնիկը դառնալու տեսլականով և սեպտեմբերի 3-ին արթնացանք դարձյալ ռուսահպատակ, այդպես էլ հիմա մի օր չենք արթնանա Ղարաբաղը վերջնականապես ռուսներին հանձնած` բնականաբար «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Նման վտանգից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ հանրությունը տեղեկացված լինի Ղարաբաղի շուրջ բանակցությունների իրական ընթացքին, իսկ երկրի ղեկավարն էլ հաշվետու լինի քաղաքական ուժերին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հաշվետվությունը 2005 թ-ին էր, երբ նա ԱԺ-ում Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ:




Լրահոս