«Օրինաց երկիր»-ը ապականում է ընդդիմադիր դաշտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ «Օրինաց երկիր»-ը հերթական անգամ, Սերժ Սարգսյանի հրահանգով, ընդդիմադիր ճամբար գործուղվեց, որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ դաշտն ապականելու առաքելությունը վերջինս բավական արագ և արդյունավետ կիրականացնի:

Արթուր Բաղդասարյանն, իհարկե, բոլորից լավ գիտի, որ իր կուսակցության անվան հետ հեռավոր կապն անգամ շատ արագ կարող է հեղինակազրկել ցանկացած այլ կուսակցության: Ճիշտ է, հայրենի քաղաքական ուժերն անխտիր վարկանիշի խնդիր ունեն, բայց ՕԵԿ-ի հետ համագործակցությունը նրանց շրջանում կարող է կատարյալ մոռացության մատնել այդ թեման: Եվ ահա, ամենայն ջանասիրությամբ վերջին օրերին «Օրինաց երկիր»-ը հանդիպումների շարք է նախաձեռնել ընդդիմադիր կուսակցությունների հետ, և, օրինակ, քննարկվում են 100% համամասնական ընտրակարգին անցնելու հարցում համագործակցության հեռանկարները:

Ընտրական օրենսգիրքը փոխելու համանման նախաձեռնություններ նախկինում էլ են եղել, բայց՝ անարդյունք: ՀՀ-ում Ազգային ժողովը շարունակում է ձևավորվել համամասնական և մեծամասնական ընտրակարգով: Դժվար չէ պատկերացնել նաև, որ իշխող Հանրապետականի դիմադրությունը ցանկացած դեպքում կրկնվելու է, և ըստ էության, նման անհեռանկար պայքարում ընդդիմությունը հերթական պարտությունն է գրանցելու:

Ավելի հետաքրքիր է, որ այս օրերին ՕԵԿ առաջարկներն ու մոտեցումները սկսել են կիսել առնվազն քառյակը ներկայացնող կուսակցությունները, և այս հարցում նրանք անկեղծորեն ՕԵԿ-ին իրենց գործընկերն ու դաշնակիցն են համարում:

Վարկանշի խնդիր, ինչպես նշեցինք, բոլորն ունեն, և համամասնական ընտրակարգը 100% դարձնելը կնպաստի ավելի քիչ քվեներով խորհրդարան անցնելուն: Այլ հարց է, որ ՕԵԿ-ի հետ համագործակցության վարկանիշ կոչվածն ավելի է նվազելու, իսկ 100% համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը, ամենայն հավանականությամբ, մերժվելու է: Արդյունքում, խարդավանքներում վարպետացած ՕԵԿ-ը գոնե մի բանում շահելու է. կատարելապես վարկաբեկելու է ընդդիմությանը:

Դավիթ Վանեսյան




Լրահոս