«Ժողովուրդ»-ը դեռ նախորդ շաբաթ անդրադարձել էր այն փաստին, որ չնայած գազի գինը չթանկացնելու պարտավորություններին` ռուսական կողմն այս տարվանից արդեն իսկ սահմանի վրա 1000 խմ-ի համար շուրջ 30 դոլարով թանկացրել է գազի գինը: Այս հարցի շուրջ մեր մտահոգությունները, սակայն, չէին կիսել ՀՀ կառավարության անդամները, որոնց մեծ մասը, այդ թվում եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պարզապես տեղյակ չէր այդ մասին:
Բոլորս շատ լավ հիշում ենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ` դեկտեմբերի վերջին, գազային խայտառակ համաձայնագրի քվեարկության օրերին ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունն ամենատարբեր հարթակներից իմպերատիվ կերպով հայտարարում էր, որ այդ համաձայնագրով առաջիկա 5 տարիներին Հայաստանի համար գազի սակագինը չի բարձրանա: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն, օրինակ, Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած, իր գնահատմամբ, բացառիկ այցի արդյունքներն ամփոփելիս որպես ամենամեծ ձեռքբերումներից մեկը նշեց այն, որ հստակեցվել է 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձեւը: «Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու…»:
Ավելորդ համարելով վերհիշել 5 տարով գների անփոփոխ մնալու մասին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հավաստիացումները, հիշատակենք այս հարցի շուրջ Սերժ Սարգսյանի` համեմատաբար վերջերս` փետրվարի 14-ին, ԵԿՄ համագումարում հնչեցրած հանդիմանությունն առ այն, որ ամենամեծ ձեռքբերման` հնգամյա հեռանկարում գազի գնի անփոփոխելիության մասին իրենց քննադատները չեն հիշում.«Հիմա այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, եւ եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ»:
Հիմա, սակայն, հետզհետե մեկը մյուսի հետեւից պայթում են Հայաստանը վերջնականապես Ռուսաստանի վասալը դարձնելու օգտին Սերժ Սարգյանի բերած բոլոր փաստարկները՝ սկսած ՄՄ-ին անդամակցության դեպքում Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման հնարավորությունից եւ անվտանգության երաշխիքներից, ավարտած գազի սակագնի` հինգ տարով անփոփոխ մնալու խոստումով:
Ռուսաստանն արդեն իսկ Հայաստանից ստացել է այն, ինչ իրեն պետք էր. հրապարակային աղերսագիր առ այն, որ մենք ցանկանում ենք անդամակցել ԵՏՄ-ին` անգամ առանց Ղարաբաղի: Հետեւաբար` հիմա այլեւս կարելի է առանց այլեւայլությունների հայտարարել, որ գազի գինը չփոփոխելու պարտավորություն ռուսական «Գազպրոմ»-ը չի ունեցել, ինչն էլ երեկ արել է «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: