ՍԻՐՈ ՏՈՆՆ ԱՆՎԵՐՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը` Տյարնընդառաջը:  Տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերն ու այդ ճրագով վառում նաեւ Տյարնընդառաջի կամ Տրնդեզի  խարույկը:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին Տրնդեզը նույնպես համապատասխանեցրել է քրիստոնեական տոնացույցին: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ ժամանակն է տեղը զիջելու գարնանը: Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի:
Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին  Տրնդեզը նշում  է նաեւ որպես նորապսակների օրհնության օր: Սովորության համաձայն` Տյարնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին: Պահպանվել է նաեւ տոնին նորապսակներին օժիտ տալու ավանդույթը:
Տրնդեզի եւ նրան հաջորդող Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ զրուցեցինք երգչուհիներ Զարուհի Բաբայանի (11 տարի է` ամուսնացած է), Նելլիի (ամուսնացել է ամիսներ առաջ) եւ Մարիաննա Հովհաննիսյանի (նշանվել է 2011թ. նոյեմբերին) հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատմեց մեզ, թե ինչպես է նշել կամ պատրաստվում նշել Տրնդեզն ու սիրահարների օրը:

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ

-Մենք Տրնդեզ արել ենք, սակայն չգիտեմ` որքանով ենք հետեւել ադաթներին: Լավ հիշում եմ` խարույկը վառեցինք հենց մեր բակում: Ցատկեցինք խարույկի վրայով, հետո էլ քեֆ արեցինք:
Չեմ հիշում` սկեսուր մայրիկս ինձ այդ օրը նվեր տվել է, թե ոչ: Պետք է ճշտել: Եթե տված չլինի, կարելի է հիմա ուզել (ծիծաղում է):
Կարծում եմ, որ մեր տոներն ու ավանդույթները բավականին սիրուն են, դրանք վկայում են մեր հարուստ մշակույթի մասին:  
Այս տարի փետրվարի 14-ին ներկա եմ լինելու Արամ mp3-ի համերգին եւ Ֆիլհարմոնիայի դահլիճում սիրահարներին նվիրված մեկ այլ համերգի: Աշխատանքային օր է սպասվում` ժողովուրդն ուրախանում է, մենք` աշխատում:
Սիրահար զույգերին էլ կասեմ` մի’շտ սիրեք միմյանց, մի’ ամաչեք բարձրաձայնել ձեր զգացմունքների մասին, ազատ գոռացեք, որ դուք սիրում եք:

ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Ես այդքան էլ չեմ սիրում Տրնդեզը, այն ինձ համար հեթանոսական տոն է, բացի այդ էլ, ես ճշտեցի եկեղեցուց, եւ տեր հայրն ասաց, որ այդքան էլ ցանկալի չէ նշանված զույգի Տրնդեզը, ճիշտն ամուսնությունից հետո է:
Ինչ վերաբերում է սիրահարների օրվան, ապա Սուրբ Սարգսի տոնը նշեցինք, բայց ես ավելի շատ սպասում եմ սուրբ Վալենտինի օրվան: Անկեղծ եմ ասում, ոչ մի նվեր չեմ ակնկալում, նա ինձ համար արդեն նվեր է: Ինքս էլ դեռ չեմ կողմնորոշվել` ինչ եմ նվիրելու սիրելիիս, եթե անգամ իմանայի էլ, չէի ասի, թող անակնկալ մնա:
Զույգերին էլ մաղթում եմ առաջին հերթին համերաշխություն: Եթե սիրում ես, կարիք չկա ուշադրություն դարձնել մանրուքների վրա ու անտեղի վիճել: Փոխարենը կարելի է վայելել ամեն օրը միասին եւ ապրել ավելի թեթեւ: Սերը պատճառ է դառնում ինքնաարտահայտվելու, ամբիցիաներ ու սկզբունքներ ցույց տալու, բայց դա ճիշտ չէ, մանավանդ կայացած մարդկանց դեպքում, երբ նրանք իրար ապացուցելու ոչինչ չունեն:

ՆԵԼԼԻ
-Տրնդեզ չենք անելու, քանի որ ամուսինս այս պահին էստեղ չի, մեկնել է Լեհաստան: Իսկ ընդհանրապես չէի ասի, որ այդ տոնն ինձ համար կարեւորություն ունի: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Վալենտինն ինձ համար ավելի նշանակալից տոներ են: Այդ կրակը վառելու ադաթն ինձ համար հեթանոսական բան է: Չնայած այս տարի Սուրբ Սարգսի տոնն էլ չնշեցինք, բայց հիշում եմ, թե ինչ գեղեցիկ նշեցինք սիրահարների օրն անցած տարի: Ճիշտ է, ամուսինս էստեղ չի, բայց սպասում եմ, որ ինձ որեւէ անակնկալ կմատուցի:
Սիրահարներին էլ կմաղթեմ մեծ սեր: Երբ կա սեր, ամեն ինչ անցողիկ է, նույնիսկ փոքրիկ կոնֆլիկտները: Բոլորին հորդորում եմ փոխըմբռնմամբ մոտենալ միմյանց, հարգել մեկը մյուսի ցանկություններն ու զգացմունքները:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս