Սեյրան Օհանյանը ստանձնել է ՀԱՊԿ փաստաբանի դերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ  ԱԺ-ում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին` արդյոք  նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, հայտարարել է. «Ես շատ դեպքերում չեմ հասկանում, որ յուրաքանչյուր կրակոցի կամ յուրաքանչյուր խախտման համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի£ ՀԱՊԿ-ի ուժերի գործարկման համար գոյություն ունի ընթացակարգ, որը պետք է քննարկվի պետության մեջ, այնուհետև հանրապետության նախագահի ղեկավարությամբ ներկայացվի հայտ, որպեսզի նրանք այս կամ այն տարածաշրջանում գործողություններ իրականացնեն»:

Անկեղծ ասած` մենք էլ չենք հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը նման հայտարարություն անել` ստանձնելով ՀԱՊԿ փաստաբանի դերը: Ընդ որում` ինքնին հասկանալի է, որ խոսքը ոչ թե  ինչ-ինչ ընթացակարգեր պահանջող գործողությունների իրականացման, այլ թեկուզ հայտարարության տեսքով արձագանքի մասին է, ինչը միտումնավոր կերպով  փորձում է չհասկանալու տալ Սեյրան Օհանյանը:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ստանձնում են ՀՀ-ում Ռուսաստանի շահերի պաշտպանի դերը: Կոնկրետ Սեյրան Օհանյանը նույնկերպ «չէր հասկանում», երբ Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը վրդովվում էր ՀՀ ռազմավարական դաշնակցի կողմից ադրբեջանցիներին S-300 հակահրթիռային կայանների վաճառքի կապակցությամբ: Չէր հասկանում և երկրորդում էր ՀԱՊԿ ղեկավար Բորդյուժային` ասելով, թե Ադրբեջանին մեկ միլիարդի զենքի, այդ թվում և` «Սմերչ» հրթիռների  վաճառքը ընդամենը բիզնես է, և որ տարածաշրջանում ուժերի բալանսը պահպանվում է: Հայոց զինված ուժերի ղեկավարի չհասկացածությունը շարունակվեց նաև Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի վերջին գործարքի ընթացքում, և, դատելով  երկրի իշխանությունների`առաջին հերթին նախագահի   պահվածքից, այն դեռ երկար կշարունակվի:

Ամբողջ հարցն այն է, թե դեռ քանի երիտասարդ զինվորի կյանք կպահանջվի, մինչև մեր իշխանությունները հասկանան, որ ինչքան իրենք ավելի ցածր խոնարհվեն ռուսների առջև, այնքան  ավելի կանտեսվեն: Ի վերջո, Ռուսաստանը հզոր գերտերություն է, որը նայում է առաջ, և ոչ ներքև:

Իսկ այն, որ ՀԱՊԿ-ն այլևս  չի ընկալվում որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխավոր, և անհրաժեշտության դեպքում ձեռնամուխ չի լինի Հայաստանի անվտանգության ապահովմանը` արդեն իսկ տեսանելի է բոլորին,  և առաջին հերթին` Ադրբեջանին: Իր ընկերոջը «գրգռել» չցանկացող Նազարբաևը դժվար թե համաձայնի զորքեր ուղարկել Ադրբեջանի դեմ կռվելու: Հայաստանի համար ՀԱՊԿ-ն այսօր ավելի շատ մատչելի գնով զինտեխնիկա ձեռք բերելու հնարավորություն է, որը, սակայն, պետք չէ գերագնահատել, և հանուն դրա այդ աստիճան «չհասկացող» դառնալ:




Լրահոս