Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձան Ագրարային համալսարանի հարևանությամբ գործող ՕԵԿ գրասենյակի դահլիճին: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ դահլիճը բոլոր փաստաթղթերով պատկանում է իրենց կուսակցությանը:
Նրա խոսքով՝ դահլիճն արդեն 8 տարի է՝ պատկանում է ՕԵԿ կուսակցությանը, դահլիճը կառուցել և օգտագործում է ՕԵԿ-ը. «Պարբերաբար նյութեր են հրապարակվում, թե այդ տարածքում հեռուստաընկերություն է կառուցվում, բարձրահարկ շենք է կառուցվում: Բացարձակ ապատեղեկատվություն է, մենք ընդամենը վերանորոգում ենք մեր դահլիճը», – ասաց նա։
Մարգարյանը նշեց, որ ինքը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչ փաստաթղթերի հիման վրա և ինչպես է պատահել, որ ՕԵԿ-ին պատկանող տարածքը հայտնվել է Գյուղակադեմիայի տնօրինության տակ: Այն հարցին, թե հնարավոր է, որ ընդդիմություն դառնալուց հետո ցանկանում են ՕԵԿ-ի ձեռքից խլել տարածքը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»: