ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԽԱՆԴՈՎ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՕԵԿ ԱՌԱՋԱՐԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից «Օրինաց երկիր» կուսակցությունն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Ըստ ՕԵԿ պաշտոնական հաղորդագրության. «Նպատակն է՝ ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ: ՕԵԿ-ն ընտրական բարեփոխումները դիտարկում է որպես Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարեւորագույն հրամայական»:

«Ժողովուրդ»-ն ՕԵԿ-ի այս նախաձեռնության առիթով զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
-Պարոն Շահգելդյան, ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին, սակայն այս հարցը տորպեդահարվել է իշխանության կողմից: Ինչո՞ւ է այժմ ՕԵԿ-ը կրկին անդրադառնում այդ խնդրին, արդյոք հիմա ինչ-որ բան է փոխվել քաղաքական դաշտում, դրա համար կարծում եք, որ չի մերժվի:
-ՕԵԿ-ը մշտապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը համարել է կարեւոր ՀՀ քաղաքական համակարգի զարգացման եւ ժողովրդավարացման ու, մասնավորապես, ընտրական եւ կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման համար: Այդ տեսանկյունից կան նաեւ միջազգային կազմակերպությունների առաջարկություններն ու վերլուծությունները եւ մենք այժմ սա դիտարկելով հրատապ, առաջնային հարց առաջարկել ենք խորհրդակցությունների շարք` նպատակ հետապնդելով ձեւավորել ՀՀ-ի համար ընդհանուր քաղաքական օրակարգ: Մենք մշտապես ենք դա ասել, ուղղակի այժմ էլ հանդես ենք եկել առաջարկությամբ:
-Բայց վերջերս ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կրկին այդ հարցը խորհրդարանում արտահերթ կարգով քննարկման դրեց, սակայն այն կրկին մերժվեց:
-Մենք առաջարկում ենք քաղաքական օրակարգ ձեւավորել այս խնդրի վերաբերյալ: Քաղաքական ուժերը եւ նաեւ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները նախկինում արդեն իրենց դրական կարծիքն արտահայտել են:
-Իսկ քաղաքական ո՞ր ուժերի հետ է ՕԵԿ-ն արդեն հանդիպել ու այդ հարցը քննարկել:
-Հանդիպում ենք ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, մյուս կուսակցությունների հետ նախնական պայմանավորվածությունները կան, չորեքշաբթի օրը սպասվում է ԲՀԿ-ի հետ հանդիպում: Մենք շաբաթվա վերջին կներկայացնենք արդյունքները:
-Կարելի՞ է ասել, որ ՕԵԿ-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու դրա համար քայլեր է ձեռնարկում:
-Խնդիրն այն է, որ մենք սա դիտարկում ենք ինստիտուցիոնալ բնույթի գործընթաց, ընտրական բարեփոխումների գործընթաց: Ինչը դուք ասում եք՝ դրա հետ որեւէ կապ չունի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարոն Ավետիսյան, Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացնում` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ: ՀՀԿ-ն ի՞նչ տեսակետ ունի այդ հարցի շուրջ:
-Ես հաստատակամ դեմ եմ: Միշտ էլ այդ հարցը բարձրացվել է ու մենք միշտ էլ փորձել ենք ընդդիմության հետ այդ հարցը քննարկել: Մենք միշտ էլ ասել ենք, որ միգուցե որոշակի ժամանակահատվածի ընթացքում փորձենք քննարկել հօգուտ համամասնականի, բայց այժմ մենք դեմ ենք: Այստեղ կան ե՛ւ քաղաքական պահանջներ, ե՛ւ նաեւ այն, որ որեւիցե մեկը չի կարող հաստատ համոզվել՝ արդյոք 100 տոկոս համամասնականն ավելի լավ է, քան խառը:
-ՕԵԿ-ը քաղաքական այլ օրակարգ է փորձում թելադրել…
-Չեմ կարծում, որ 131 պատգամավորներին քաղաքական օրակարգ թելադրելը հեշտ է:
-Իսկ եթե խմբակցություններով համախմբվեն:
-«Եթե»-ների տակ շատ հարցականներ կան:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարոն Վարդանյան, ՕԵԿ-ը խորհրդակցություներ է անցկացնում 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ: ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է այդ խորհրդակցություններին:
-Ես մամուլից եմ տեղեկացել, որ խորհրդակցություններ են անցկացնելու: Մենք ցանկացած խորհրդակցությունից չենք հրաժարվում: Եթե դիմեն, կհանդիպենք ու կլսենք իրենց:
-100 տոկոս համամասնական ընտրակարգի անցելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել…
-Մենք խանդի տեսարաններ, բաներ չունենք, մենք պատրաստ ենք ցանկացած հարց ցանկացած օր քննարկել` մեր համոզումները, մեր տեսակետները հայտնելով:
-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է` ՕԵկ-ին հաջողվի անել այն, ինչը Դուք չկարողացաք:
-Կապրենք` կտեսնենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս