1 տարվա ընթացքում 2 անգամ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը կզրկվի վարորդական իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հայտարարեց, որ 1 տարվա ընթացքում 2 անգամ ոչ սթափ վիճակում մեքենան վարելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Հիշեցնենք` կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է ճանապարհատրանսպորտային միջոցների կողմից թույլ տված խախտումների համար նախատեսված տուգանքներին: Մասնավորապես, փոփոխություններով նախատեսվում է 120 կմ/ժ-ը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր գերազանցած կմ/ժ-ի համար հազար դրամ տուգանք: 

Ըստ փոխոստիկանապետի՝ Երևանում և մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափերը դրական արդյունքներ տվել են, ինչը վկայում է վիճակագրությունը. 2013-ի 5 ամսվա ընթացքում Երևանում մահվան ելքով պատահարների թիվը եղել է 117, 2014 թվականի նույն ժամանակահատվածում` 101: Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ գրանցվել է 96 մահվան ելքով պատահար՝ 2013 թվականին, 2014-ի հինգ ամիսների ընթացքում` 76:

Նախատեսվում է կազմակերպությունների ղեկավարների կամ այլ պատասխանատուների կողմից անսարք ավտոմեքենան երթուղի հանելու համար կամ տվյալ ավտոմեքենան թույլտվություն չունեցող անձին ավտոմեքենան վարելու իրավունք տալու համար 20 հազար դրամ տուգանքը դարձնել 25 հազար:

Տրանսպորտային միջոցներում կամ տաքսիներում վարորդների ծխելու համար սահմանված 5 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 20 հազար:

Գործող օրենսդրությամբ՝ երթևեկության կանոնների խախտման համար վարչական տուգանքները 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է: Առաջարկվում է փոխել այս կարգը և 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու համար սահմանել տուգանքի չափի 25 տոկոս ավելացում, իսկ 60 օրում չվճարելու դեպքում՝ 50 տոկոսի ավելացում:




Լրահոս