Հայաստանի հեռանկարը հստակ չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը` հուլիսի 1-ը,  մնացել է ընդամենը տասներեք օր,  սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որեւէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա:

Առհասարակ, սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների մասին ՀՀ  ամենաբարձր ղեկավարությունն անգամ  տեղեկացվում է պոստֆակտում ռեժիմով` այդ որոշումների կայացումից հետո:  Աբսուրդային է հնչում, սակայն այնպիսի տպավորություն է, որ անգամ Սերժ Սարգսյանն ինքը գնալով այս կամ այն վճռորոշ գագաթաժողովին կամ նիստին` մինչեւ վերջ չգիտի իր անելիքն ու ասելիքը, եւ որոշումները կայացնում է տեղում` ելնելով   իրավիճակից:

Իհարկե, դրա համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում եւ` օբյեկտիվ, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում Սերժ Սարգսյանին, կամ մեղմացնում նրա մեղքերը` Հայաստանի` որպես արժանապատիվ, ինքնիշխան պետություն, աննախադեպ հեղինակազրկման   հարցում:

Եվ հիմա, երբ Հայաստանին ասվել է` առանց Ղարաբաղի, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Ս. Սարգսյանն էլ  համաձայնել է, անհասկանալի է, թե էլ ինչում է խնդիրը, որ հուլիսի 1-ին  նախանշված` ԵՏՄ-ին  ՀՀ անդամակցության պայմանագրի ստորագրման հետ կապված ՀՀ իշխանություններն այդքան զգուշավոր են ու քչախոս:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով սովորաբար քչախոսությամբ աչքի չի ընկնում, ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ բոլոր հարցերին ի պատասխան` երեկ հղում էր անում ԵՏՄ պաշտոնական կայքէջին, որտեղ ներկայացված է ԵՏՄ բարձրագույն մարմնի որոշումը` հուլիսի 1-ին  ՀՀ անդամակցության պայմանագիրը պատրաստ ներկայացնելու մասին: Իսկ թե արդյո±ք այդ պայմանագրի պատրաստ լինելը ավտոմատ կերպով նշանակում է, որ այն կստորագրվի, այդ հարցին Քոչարյանը ոչ մի կերպ ականջալուր չեղավ:

Ոչ պակաս անտեղյակ էր նաեւ Էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը, ով նախօրեին հենց այդպես էլ ասաց` «ես տեղյակ չե»՚:

Ինքը` Սերժ Սարգսյանը,  երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում   հետին թվով  սրբագրելով Աստանայում  թույլ տված բացթողումները,  այդպես էլ  հստակ չհայտարարեց՝ արդյոք հուլիսի 1-ին Հայաստանն, ի վերջո, կանդամակցի ԵՏՄ-ին:

Այդպիսով, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները  Ս. Սարգսյանի սիրելի բառով ասած` առաջանցիկ տեմպերով  կատարեցին  ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզի» բոլոր  կետերը եւ  համաձայնեցին  Եվրասիական տնտեսական միությանն  առանց Ղարաբաղի անդամակցելու Ալիեւի նախապայմանին, Հայաստանի հեռանկարը շարունակում է անհստակ մնալ: Հակառակ դեպքում՝ ոչինչ չէր խանգարում Սերժ Սարգսյանին երեկվա հարցազրույցում պարզ ու ուղիղ տեքստով ասել, որ հուլիսի մեկից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ:




Լրահոս