Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում ևս գործընթացը առաջ տանելու համար:
Քաղաքական խորհուրդը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին՝ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում այն համարելով անընդունելի: Քաղխորհուրդը հավանություն է տվել ՕԵԿ կողմից սակագնի թանկացումը դատական կարգով վիճարկելու գործընթացը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում բարձրացնելու հարցին:
Քաղաքական խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել ՕԵԿ քաղաքական օրակարգի գերակայությունները սահմանող համապարփակ փաստաթուղթը, որը մատնանշում է Հայաստանի հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների և ժողովրդի առջև կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման բանալին:
Քաղխորհրդի որոշմամբ առաջիկա օրերին ՕԵԿ նախագահը կհրավիրի մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնի այդ գերակայությունները: