Անվան փոփոխությունն ի՞նչ կտա ՕԵԿ-ին, հո դեմքն էլ չի փոխվել․ ինչու որոշեցին «վերածնվել» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի շրջանում ներքին բանակցություններ են ընթանում, թե ով ում հետ է պատկերացնում իր ճանապարհը: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վերածնված» ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-Տիկի՛ն Բիշարյան, «Հայկական վերածնունդը» ո՞ւմ մեջ է դաշնակից տեսնում:

-Գիտեք՝ այսօր խոսել ապագա համագործակցության մասին, շատ վաղ է, որովհետեւ քաղաքական դաշտում դեռեւս ձեւավորվում են ուժերը, հստակեցվում, համագումարներ են հրավիրում եւ որոշ ժամանակ էլ պետք է, որպեսզի տեսնես՝ ինչպիսի թափ են առնում, ինչ նպատակներ եւ ծրագրեր ունեն: Ամենագլխավորը, երբ նպատակները եւ ծրագրերը համընկնեն, բնականաբար, կլինեն համագործակցության եզրեր, մենք բաց ենք՝ բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատելու համար

-Կա՞ մի կուսակցություն, որի հետ բացառում եք ձեր համագործակցությունը:

-Ո՛չ, չկա այդպիսի կուսակցություն:

– Այսինքն՝ բոլորի հետ պատրա՞ստ եք համագործակցել:

– Իհարկե, իհարկե:

-Օրինակ՝ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ կհամագործակցե՞ք:

-Անկախ նրանից՝ Դուք ում մասին եք ինձանից հարցնում, մենք պատրաստ ենք քննարկելու դա:

– Այսինքն՝ չեք բացառում, որ Տիգրան Կարապետյանին էլ կմիանաք:

– Որեւէ մեկի հետ որեւէ բացառություն չենք տեսնում:

-Խոսակցություններ կան, որ Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ հնարավոր է «համախմբվեք»:

-Ճիշտն ասած՝ ինձ տանում են այնպիսի մի դաշտ, որտեղ կանխագուշակումներ պետք է անեմ, հնարավոր է, հնարավորի չի, եթե, եթե..: Բնականաբար, քաղաքական դաշտում չեն կարող չլինել խոսակցություններ: Բոլորս, այսպես ասած, քաղաքական միավորներ ենք եւ քաղաքական գործիչներ, անընդհատ հանդիպում ենք, քննարկում ենք, խոսում ենք տարբեր խնդիրների շուրջ: Դուք տեսաք, որ ընտրական օրենսգրքի շրջանակներում երկարաժամկետ աշխատեցինք ՀԱԿ կուսակցության հետ, նույնիսկ իշխանության հետ, որպեսզի ստանանք լավագույն նախագիծը, որով պայմանավորված է քաղաքական ուժերի ապագան: Նպատակները, խնդիրները առաջ են մղում՝ ում հետ աշխատել եւ ինչպես:

-Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգնում Վարդան Օսկանյանին եւ ձեզ: Այդպիսի տեղեկություններ սպրդեցին. այս երեք ուժերի միավորումը ե՞րբ կլինի:

-Չեմ ուզենա անուններ հնչեն՝ օգնում են կամ չեն օգնում: Արա Աբրահամյանը ում է օգնում, ում չի օգնում, ում կողքին է, ում կողքին չէ, սա մի ուրիշ հարց է, որը կապ չունի ապագա համագործակցության հետ:

-Դուք ասում եք՝ բիզնեսը քաղաքականությունից պիտի տարանջատվի, ձեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը խոշոր բիզնեսմեն է դարձել 2008-ից հետո. ազգային անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուն զուգահեռ գինու գործարան, հյուրանոցներ եւ այլ սեփականություններ ունեցավ:

-Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է:

-Այսինքն՝ բիզնեսներ չունի՞:

-Այն, որ կա գործարան, որը, այո, հողի վրա ձեւավորվել է, կառուցվել է եւ ստեղծվել է աշխատատեղ, դա չի կարելի բերել քաղաքական դաշտ եւ ասել՝ այ, որ սա ստեղծվել է, որեւէ գործարան: Նա քաղաքական գործիչ եղել է եւ մնում է:

-ՀՀ կառավարության միջամտությունից հետո օրենքով հնարավոր կլինի ՕԵԿ խմբակցության անունը փոխել: Այս փոփոխությունը ի՞նչ կտա ձեզ, հո ձեր դեմքն էլ չի՞ փոխվել, մեկ է՝ բոլորը ձեզ ՕԵԿ գիտեն:

-Եթե շատ գեղեցիկ աղջիկ չլինեիր, ես քեզ կվիրավորեի: «Օրինաց երկիր» կուսակցությունը անունը չի փոխել: Այս պահին էլ դեռ գիտեք՝ «Օրինաց երկիր» խմբակցությունը կա: «Օրինաց երկիր» կուսակցությունը, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է համախմբման մասին: Ասել է՝ Հայաստանին անհրաժեշտ է վերածնունդ: Արդեն երկրորդ տարին է՝ մենք այդ գաղափարը դրել ենք շրջանառության մեջ: Արթուր Բաղդասարյանի նպատակն էր ստեղծել այդպիսի մի միավորում եւ ստեղծեց: Հայտարարեց բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին, անձերին՝ եկեք, միավորվենք, ձեւավորենք մի հասարակական, քաղաքական միավոր, այդպես էլ կոչվեց՝ «Վերածնունդը», որը կպայքարի, էլի եմ ասում, ընտրությունների միջոցով ունենալու լրջագույն հաջողություն, երկրում ինչ-որ բան փոխելու: Եվ, փառք Աստծո, եղան մտահոգ մարդիկ, 170-ից ավելի հասարակական կազմակերպություններ, դեռեւս, եթե հետեւեք, գործընթացը շարունակվում է, գալիս են: Թե չէ դա կապել «Օրինաց երկիր» կուսակցության անվանափոխության հետ, միայն կարճամտություն է եւ քաղաքական խանդ, չգիտեմ, տարբեր բացասական որակներ կարող եմ տալ, որովհետեւ մտածող մարդը իմ կողմնակիցը կլինի, քանի որ ազնվորեն բացատրեցի եւ ասեցի այն, ինչը մենք արեցինք բոլորիդ աչքի առաջ:

Հ. Գ. Հարցազրույցը անցկացրել ենք այն ժամանակ, երբ ԱԺ-ում Բիշարյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունը դեռ չէր կայացել:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս