ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի օրինակով. կուսակցությունից արտահոսք կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունում ակտիվ տեղաշարժ է սկսվել բացասական իմաստով, իհարկե: Կուսակցությունը սկսել են լքել երիտասարդ ներկայացուցիչները: Երեկ պարզ դարձավ, որ ՕԵԿ-ից դուրս են եկել միանգամից երկու ներկայացուցիչ` կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանը եւ կուսակցության նախկին խոսնակ Արթուր Միսակյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երկու գործիչների հետ պարզելու համար դուրս գալու պատճառը: Էդգար Առաքելյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է հեռանում կուսակցությունից, սակայն նշեց, որ շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական դաշտում:

«Շարունակելու եմ գործունեություն ծավալել: Իսկ թե ինչով եմ զբաղվելու, առաջիկայում կտեղեկանաք: Այս պահին ես դադարեցրել եմ իմ աշխատանքը կուսակցությունում: Ասեմ նաեւ, որ այլեւս չեմ հանդիսանալու «Հայկական երրորդ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական բաժնի տնօրենը»: Հարցին` հնարավո՞ր է` Առաքելյանը միանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հատկապես որ համաժողովրդական շարժման օրերին մասնակցել է ցույցերին, նա նշեց. «Ո՛չ, ՔՊ-ին չեմ միանալու»:

Երիտասարդ գործիչը նշեց նաեւ, որ շարունակելու է մնալ Հայաստանում, եւ ավելի վաղ տարածված լուրերը, թե երկրից հեռանում է, իրականությանը չեն համապատասխանում: Արթուր Միսակյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ կուսակցական գործունեությամբ չի զբաղվում, պարզապես վերջին օրերին այդ թեմայով շահարկումներ են եղել, եւ ինքը որոշել է հրապարակավ գրառում կատարել` տեղեկացնելով այդ մասին: Ի՞նչն է պատճառը, որ Միսակյանը դուրս է եկել կուսակցությունից, նշեց. «Տեսեք` խնդիրը որն է. ես մեկ տարի գրեթե զրոյական շփում եմ ունեցել կուսակցության ղեկավարի եւ, ընդհանրապես, ղեկավար կազմի հետ: Իհարկե, եղել է մեկ, երկու դեպք, երբ ես հանդիպումներ եմ ունեցել, բայց կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել: Եվ ես զգուշացրել եմ, որ չեմ զբաղվում եւ չեմ պատրաստվում զբաղվել կուսակցական գործունեությամբ: Մի քանի ամիս առաջ էլ այդ մասին շատ հստակ ակնարկել եմ, կուզեք` համարեք, կուզեք` մի համարեք, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը կուսակցության մեջ»: Արդյոք իր անձի հանդեպ է սխալ վերաբերմունք եղել, որ Միսակյանը որոշել է հեռանալ կուսակցությունից, նա նշեց. «Ես անցյալ տարվա ընտրություններից հետո համարել եմ ոչ նպատակահարմար մնալ կուսակցության մեջ: Վերջին համագումարին ներկա եմ եղել, բայց դա ոչինչ չէր նշանակում, ուղղակի ինձ հրավիրել էին, ներկա եմ գտնվել»:

Այլ կուսակցության անդամագրվելու հարցի շուրջ Միսակյանն այս պահին որոշում չունի, սակայն շեշտեց` առաջիկայում հստակ որոշում կկայացնի: «Կարծում եմ, այն քաղաքական միջավայրը, որ ձեւավորվել է Հայաստանում, տալիս են հնարավորություն նորմալ քաղաքական գործընթացներով զբաղվելու»,-ասաց նա:

Հատկանշանական է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հատկապես վերջերս շատ էր խոսում, թե երիտասարդ կադրերով, թարմ ուժերով պետք է շարունակեն քաղաքականության մեջ առաջ գնալ, բայց արի ու տես, որ այժմ հենց երիտասարդներն են թողնում ՕԵԿ-ն ու հեռանում: Թերեւս, երիտասարդ քաղաքական գործիչները հասկացել են, որ ՕԵԿ-ի անվան ներքո դժվար կլինի ճանապարհ հարթել, հարգանք վայելել ու կարեւոր դերակատարում ունենալ քաղաքական գործընթացներում: Ի վերջո, Բաղդասարյանի անունն ասոցացվում է ճամբարափոխության հետ: Ու հիմա իրեն նվիրված երիտասարդներն այսօր հեռանում են` գուցե փորձելով մաքուր պահել իրենց անունը:

«Օրինաց երկրի» հնաբնակները, սակայն, որեւէ արտառոց բան չեն տեսնում կատարվածի մեջ: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Հիմա մարդիկ պասիվ են, ակտիվ են, դա երկրորդ խնդիրն է, բայց մենք ոչ մի նման դիմում չունենք»: Իսկ հարցին, թե ինչպես է կուսակցությունն աշխատելու, երբ երիտասարդ ուժերն են գնում, ասաց. «Շատ նորմալ: Կուսակցությունն ինչպես աշխատել է, այնպես էլ աշխատելու է»: ՕԵԿ մյուս փոխնախագահ Հեղինե Բիշարյանն իր հերթին նշեց, որ մարդիկ ունեն անձնական գործեր. «Էդգար Առաքելյանը մեզ ասել է, որ ինքը մեկնում է Ռուսաստան: Եվ մենք նշանակեցինք նոր մամուլի խոսնակ` Վահե Թորոսյանին: Հետո ինքը գրեց, որ այստեղ է: Չգիտեմ` փոշմանել է Ռուսաստան գնալու հարցում, թե ոչ: Ես որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում, որովհետեւ ամբողջ երկրով մեկ են վերադասավորումներ լինում: Ես զարմանալի որեւէ բան չեմ տեսնում: Իսկ Միսակյան Արթուրի դեպքում ասեմ` քանի որ գիտեք` կուսակցությունը վերամիավորում է կատարել ՀՎԿ-ից հետո, մենք որեւէ մեկին չենք պարտադրել գալու եւ վերահաստատելու իր ՕԵԿ-ական լինելը: Արթուր Միսակյանի հետ կապը ցույց է տալիս, որ պարզապես նա այսօր նախընտրում է զբաղվել բիզնեսով»:

Բիշարյանը շեշտեց, որ փետրվարի 24-ին կայացած համագումարից հետո կուսակցությունն ակտիվ աշխատում է. «Ովքեր կգան, կմիավորվեն մեզ հետ, կգնան ճանապարհ, ովքեր չեն ցանկանում, մարդկանց պետք չէ պարտադրել կամ մտածել այլ բան»: ՕԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ վերջին 1 ամսվա ընթացքում մոտ 1500 ընդունված նոր կուսակցականներ կան: Իսկ հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում շատ հնաբնակներ, այդ թվում ինքը, Շահգելդյանը եւ կուսակցության այլ հիմնադիրներ չեն ընդգրկվի նախընտրական ցուցակներում, Հ. Բիշարյանն ասաց. «Այո՛, շատ հնարավոր է, որ չլինենք մենք, լինեն երիտասարդները»:

Թե որքանով ՕԵԿ-ին կհաջողի արտահերթ ընտրություններում ձայներ հավաքել, դժվար է ասել: Ավելի ճիշտ, դժվար չէ կռահել, որ այս կուսակցությունը հազիվ թե կարողանա ԱԺ անցողիկ շեմը հաղթահարել: Բավական է միայն հիշել, որ առանց իշխանությունների աջակցության նախորդ տարվա ապրիլյան ընտրություններին կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել անգամ նվազագույն` 5 տոկոսի շեմը, եւ խորհրդարանի դռները փակվեցին Ա. Բաղդասարյանի թիմի առջեւ:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՕԵԿ-ից դուրս եկողների թիվն այսքանով չի սահմանափակվելու: Առաջիկայում կուսակցությունից դուրս են գալու նաեւ մի շարք այլ անձինք:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս