ԴԵՌԱՀԱՍԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Երեւանի Չայկովսկու փողոցում. մի պատանի տղա արյունլվիկ վիճակում ընկած էր փողոցի մեջտեղում: Վերջինս մի խումբ տղաների հետ վիճաբանելուց հետո այդ վիճակում էր հայտնվել: Պարզեցինք, որ պատանին 15-ամյա Նարեկ Նաջարյանն է, որը սովորում է  Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Նրան երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս այդ տարածքի անցորդները, մինչեւ դեպքի վայր հասավ շտապօգնությունը:
Ականատեսները մեզ պատմեցին, որ ժամը 14:00-ի սահմաններում 15-16 տարեկան տղաների  ինչ-որ մի խումբ  Չայկովսկու փողոցում  հավաքվել,  զրուցում էր:  Այնուհետեւ «Ժողովուրդ»-ը նկատեց, որ մի պատանի փողոցի մեջտեղում ընկած է, իսկ մի քանի այլ տղաներ էլ, շուրջը հավաքված, փորձում են նրան ուշքի բերել:  Պարզեցինք, որ Նարեկ Նաջարյանը եւս այդ կռվի մասնակիցներից մեկն է:
Տեղի բնակիչները, անցորդներն ու «Ժողովուրդ»-ը, տեսնելով, որ տղան արյան մեջ «կորած», անգիտակից վիճակում գետնին ընկած է, զանգահարեցին շտապօգնություն: Քանի որ այդ հատվածում է տեղակայված ոստիկանության հենակետը,  դեպքի վայրում հայտնվեցին նաեւ ոստիկանության աշխատակիցները: Պատանուն օգնություն ցույց տվեցին մոտակայքում գտնվող  ատամնաբուժարանի աշխատակիցները, նրանց հաջողվեց անօգնական վիճակում գետնին ընկած Նարեկի քթից  արյունահոսությունը կտրել:
Իսկ այդ ընթացքում ոստիկանները փորձում էին դեպքի վայրից  բաժին տեղափոխել Նարեկի ընկերներին: Սակայն նրանց  չհաջողվեց  «հարց լուծող» տղաների խմբին բռնել, քանի որ վերջիններս հասցրեցին  արագ փախչել:
Մոտ 20 րոպե հետո, երբ տղային փողոցից (ձյան ու ջրի մեջ էր ընկած) տեղափոխեցին ատամնաբուժական կլինիկա, բարեհաճեց ժամանել շտապօգնության մեքենան, եւ պատանուն վերջապես տեղափոխեցին հիվանդանոց:
Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանից փորձեցինք պարզել, թե որն է եղել շտապօգնության ուշացման պատճառը: Վերջինս տեղեկացրեց, որ իրենց մոտ առաջին կանչը գրանցվել է 14:04-ին, իսկ շտապօգնությունը տեղ է հասել 14:14 րոպեին, որը սահմանված կարգով է:
Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ Երեւանի «Աստվածամայր» հիվանդանոցից 16:05-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մի պատանի է տեղափոխվել: Մեզ հաջողվեց պարզել, որ  15-ամյա Նարեկ Նաջարյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել եւ ի վիճակի չի եղել ոստիկանությանը հաղորդագրություն տալ, թե իրականում ինչ է կատարվել, եւ ովքեր են եղել իրեն ծեծողները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս