Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում. Ա. Մինասյանը` կուտակայինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում «Կենսաթոշակների մասին օրենքի» քննարկման ժամանակ նշեց, որ ցավալի է, բայց փաստ, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն որերորդ անգամ քննարկվում է արտահերթ նիստերի միջոցով:

 «Սա արդեն օրինաչափություն է դարձել մեր «թանկագին» կառավարության համար, որը հրատապ կարգով փորձում է անցկացնել և, ըստ էության, պարտադրել այս օրենքը: Այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, պարզապես զավեշտ էր»,- ասաց պատգամավորը:  

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահվածքին, ով, ունենալով 14 տարվա պատգամավորական փորձառություն, լինելով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր՝ անտեսեց այդ ամենը և, մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ոչ միայն կապ չունեին Աժվիկ Մինասյանի ելութի հետ, այլև անհարկի հոլովվեց իր քննադատական խոսքը օրինագծի վերաբերյալ: Ապա իր խոսքն ուղղելով Վահրամ Բաղդասարյանին` ՀՅԴ-ական պատգամավորն ասաց.

«Պարո՛ն Բաղդասարյան, ես իսկապես փորձել եմ հանդես գալ կառուցողական դիրքերից, փորձել եմ արժևորել պետականությունը, գտնել համագործակցության եզրեր, բայց եթե Դուք ներկա լինեիք ՍԴ ամբողջ քննության ընթացքին, հանդիպեիք բազմահազար երիտասարդների հետ ու տեսնեիք այն ոգևորությունը, որը ապրեց հայ հասարակությունը ՍԴ հայտնի որոշման հրապարակումից հետո, որը հավասարազոր էր Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների խաղում Հայաստանի հաղթանակի հետ, եթե տեսնեիք այդ ոգևորությունը, որը անհրաժեշտ էր ուղղել երկրում լուրջ փոփոխությունների համար, դրվեր հետագա բարեփոխումների հիմքում, իշխանությունները մեկ գրչի հարվածով կոտրում են, ոչնչացնում: Այդքանից հետո եթե Դուք կարողանաք չմոլորվել ու գովաբանել իշխանության արածը, ապա Ձեզ մեդալ պետք է շնորհել: Ես այդպես չեմ կարող անել, որովհետև այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է:

 Ոչ մի բան էլ չեք համապատասխանեցրել: Եվ աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում:  Հայտարարում եք, թե սահմանադրականության հարցը ՍԴ իրավասության հարցն է: Է հետո՞, դրդում եք նորից ՍԴ մտնե՞լ, հո մանկապարտեզ չէ: Դրա փոխարեն՝ ավելի լավ է կրթվեք, որ հասկանաք՝ ինչ բան է սահմանադրություն և քաղաքացու շահ: Ինչո՞ւ ենք փորձում մեր քաղաքացուն խաբել: Կարող եք անցկացնել, վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: 




Լրահոս