Դպրոցն ու կրթությունը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:

Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական եւ արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը եւս կնպաստի միության զարգացմանը:

Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը եւ կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաեւ ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:

Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին եւ նախաձեռնություններին:




Լրահոս