ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ընկերս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Կորցրել է ՀՀ քաղաքացու իր անձնագիրը: Խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս կարող է նա վերականգնել իր կորցրած անձնագիրը:

Սամվել Պետրոսյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սամվել Պետրոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ այլ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անվավեր ճանաչված կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տվյալ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: Իսկ եթե տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնվող ներկայացուցչությանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը պարզ ներկայացված է, միայն թե փոքր-ինչ բարդություն կառաջանա այն դեպքում, եթե տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն չլինի: Բայց այս դեպքում, եթե հարցը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա անձնագիր կորցնողը կարող է հանգիստ դիմել տեղի հյուպատոսարան եւ վերականգնել իր անձնագիրը:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ով կարող է ստանալ անհատույց կարգով հողատարածքի իրավունք: Ընդհանրապես ո՞ւմ է տրվում նման իրավունք:

Լաերտ Մկրտչյան (53 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանում ենք, որ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի.
«1. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար եւ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար՝
1) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերում այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից,
2) ՀՀ-ում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել սույն հոդվ. 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակավայրերում,
3) ՀՀ կառավարության որոշմամբ վերաբնակեցվածներին,
4) հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող՝ զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից,
5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:
Հողամասերն անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում՝ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ներկայացված պատասխանին, հաճախ են լինում դեպքեր, երբ օրենքը գործում է մասամբ. օրինակ՝ բազմաթիվ զինծառայողների կամ զոհվածների ընտանիքներ դժգոհում են պետության կողմից, մեղմ ասած, անտեսված լինելուց:

 
ՀԱՐՑ. Լսել եմ, որ երկու երեխա ունեցող ծնողը, օրենքի շրջանակներում, չի զորակոչվում բանակ: Իսկ այն դեպքում, երբ երկրորդ երեխան ծնվում է հոր՝ բանակում եղած ժամանակ, նրան զորացրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Եվ խնդրում եմ ասեք, պարտադիր զինվորական ծառայության 2 տարիների ընթացքում զինվորը (շարքային) քանի՞ օրվա արձակուրդի հնարավորություն ունի:

Աննա ստեփանյան (45 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այս հարցը կարգավորվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով, որի երկրորդ մասի պահանջների համաձայն՝ այն զինծառայողները, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերում նույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք, վաղաժամկետ արձակվում են ՀՀ զինված ուժերից՝ մեկամսյա ժամկետում:
Իսկ ինչ վերաբերում է արձակուրդին, ապա հայտնում ենք, որ «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է 10 օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին 15 օր տեւողությամբ:
Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է հրամանատարի (պետի) որոշմամբ մինչեւ 5 օր տեւողությամբ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ ընտանեկան դրության փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետությունում օրենքը թույլ է տալիս վաղաժամկետ արձակում, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ յուրաքանչյուր զինվոր գիտակցի իր գործի լրջությունն ու ոչ մի դեպքում չփորձի խուսափել հայրենիքի հանդեպ ունեցած իր պարտքը կատարելուց:




Լրահոս