ԱՌԱՆՑ ՍՏՎԵՐԻ ԱՇԽԱՏԵԼԸ ՎԱՏ Է ՍՏԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր Հայաստանի խոշոր գործարարների հետ` հստակեցնելու կառավարության հետ աշխատանքի «նոր կանոնները»: Պահանջելով այսուհետ աշխատել բացառապես օրինական եւ հավասար դաշտում` վարչապետը կարեւորել էր գործարարների դերը ՀՀ տնտեսության զարգացման հարցում. «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարեւորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում»,-ընդգծել էր վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաեւ նշել էր, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ եւ պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն: «Ժողովուրդ»-ը զրուցել է այդ հանդիպմանը մասնակցած «Մաքս-Գրուպ» ընկերության սեփականատեր, Աժ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ` պարզելու, թե արդյոք նա հետեւո՞ւմ է ՀՀ վարչապետի հորդորներին:
-Պարոն Մանուկյան, այսօր Հայստանում գործարարները կարողանո՞ւմ են նորմալ գործունեություն ծավալել, ըստ Ձեզ` կա՞ն դրա համար բարենպաստ պայմաններ:
-Աշխատելու համար արգելքներ չկան դրված, բայց կան լիքը հստակեցնելու, ճշտելու խնդիրներ: Օրինակ՝ կան շուկայի հետ կապված, տնտեսական հարցերի զարգացման հետ կապված հարցեր, կարելի է ասել` խնդիրները շատ են:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր աշխատել այնպես, որպեսզի ՀՀ տնտեսությունն աճ արձանագրի: Այսինքն` Հայաստանի զարգացման հեռանկարն այս կառավարությունը կապում է գործարարների գործունեության հետ: Դուք, որպես գործարար, ի՞նչ եք անում այդ ամենին նպաստելու համար:
-Նախ եւ առաջ կարծում եմ` պետք է գույքագրում անել, ինչ ունենք, ինչ չունենք, ինչը ինչ արժի ու միայն դրանից հետո հստակ ու իրական ծրագրերով շարժվենք առաջ: Պետք է հասկանանք շուկայի արժեքը, հասկանանք ներդրման չափը, արտադրության չափը, հասկանանք մեր շուկայում տիրող իրավիճակը ու այդ ամենը ճիշտ գնահատելով` որոշենք, թե դրանից հետո որն է մեր անելիքը: Այսինքն՝ գույքագրում անենք նրա համար, որ մեզ համար հասկանալի լինի, թե մենք ինչից ենք սկսելու, ո՞րն է մեր առջեւ դրված խնդիրը: Հիմա բոլորս էլ աշխատում ենք, բոլորս էլ հարկերը տալիս ենք, այստեղ միայն հստակեցնել է պետք: Պետք է ճիշտ ճանապարհը գտնել ու առաջ գնալ:
-Գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ հորդորել էր դուրս գալ ստվերից եւ այսուհետ բացառապես հարկային դաշտում աշխատել: Հայաստանում առանց ստվերի աշխատելը հնարավոր համարո՞ւմ եք:
-Առանց ստվերի աշխատելու համար ահագին խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:
-Խնդրում եմ կոնկրետ նշեք, թե որո՞նք են այդ խնդիրները:
-Ասենք` հարկային դաշտի հավասարեցումը: Պետք է լինի այդ մասին օրենքի հստակեցում: Այսօր մենք օրենքի մեջ ունենք շատ կարեւոր մի բան, ունենք ավելացված արժեքով աշխատող հիմնարկներ, ունենք շրջանառու հարկ եւ այլն: Հիմա եթե դաշտում կա ապրանքի ավելցուկ, կա գերարտադրություն եւ այլն, մարդկանց ձեռք է տալիս… լավ, մի կերպ մեր ապրանքը վաճառենք: Այսինքն՝ ստացվում է, որ մենք ստիպված գնում ենք ստվերի, ու եթե այդ օրենքը չհստակեցվի, այդ հարցերը լուծում չգտնեն, ապա ոչինչ չի փոխվի: Մոտեցումներ կան, մեխանիզմներ կան, որոնք պետք է մշակենք ու լուծում առաջարկենք:
-Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այսօր ՀՀ-ում հնարավոր է առանց ստվերի աշխատել: Չե՞ք հետեւելու ՀՀ վարչապետի հորդորին:
-Չեմ բացառում, կարելի է: Ես հիմա էլ եմ մաքուր աշխատում, առանց ստվերի, բայց մոտս վատ է ստացվում, ասեմ:
-Ի՞նչ առումով, Ձեր բիզնեսը չի աճո՞ւմ:
-Կան խնդիրներ, որոնք ես արդեն թվարկեցի, դրանք բոլորը խանգարող հանգամանքներ են: Գույքագրումն ամենաճիշտն է: Եթե այդ ամենը մենք անենք, կտեսնեք, որ շատ արագ կկարողանանք ոտքի կանգնել:
-Իսկ Դուք այդ խնդիրների մասին բարձրաձայնե՞լ եք ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
-Առաջիկայում պատրաստվում եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ ու ասել նրան այդ մասին, լավ ծրագրեր ունեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս