Արդեն հինգ տարի Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Սարգիս Սահակյանն աչքի է ընկնում իր դյուրագրգիռ բնավորությամբ: Նա իր բնավորության այդ գիծը սկսեց օգտագործել հատկապես վերջերս, երբ նոր վարչապետի նշանակումից հետո ակտիվորեն խոսակցություններ սկսեցին տարածվել նաեւ մարզպետերի փոփոխության մասին: Փոփոխման ենթակա մարզպետերի թվում նշվում էր նաեւ Ս. Սահակյանի անունը, սակայն նա մինչ այժմ էլ անխռով շարունակում է իր աշխատանքը:
Նշենք, որ մարզպետը սովորել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետում, որակավորմամբ անասնաբույծ-ինժեներ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977-ին` աշխատելով Թալինի շրջանի Ագարակի անասնապահական սովխոզում` որպես բանվոր: 1984-1986թթ. եղել է Անիի շրջանի Լուսաղբյուր գյուղական սովետի գլխավոր զոոտեխնիկ, իսկ 1986-1992թթ.` Աղինի գյուղական սովետի գլխավոր զոոտեխնիկ: Տարբեր տարիներին աշխատել է նաեւ որպես ուսուցիչ, մարզպետարանի գյուղ բաժնի վարիչ, գյուղատնտեսության վարչության պետ եւ այլն: 2002-ից զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը, իսկ 2009-ից էլ զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Հետաքրքիր է, որ Սահակյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում չի նշել ոչ մի տեսակի շարժական, անշարժ կամ թանկարժեք գույք: Բացակայում են նաեւ դրամական միջոցների մասին տվյալները: Միայն նշված է, որ մարզպետի համար եկամտի աղբյուր է հանդիսացել աշխատավարձը:
Հետաքրքիր է` ինչո՞վ է ապրում մարզպետը: Եվ սա այն դեպքում, որ Արագածոտնի շատ բնակիչներ բազմիցս բաց նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին` բողոքելով այն մասին, որ նա աչքի է ընկնում անօրինական գործողություններով, աշխատանքի ընդունվելու համար գումարներ է պահանջում, ստիպում է վճարել հարկերը եւ այլն:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ