Կրակոցներ «Էռոս» գիշերային ակումբի բակում. հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 30-ամյա բնակիչ Արմեն Հարությունյանը Արմավիրի մարզի Թաիրով գյուղի «Էռոս» գիշերային ակումբի բակում երևանցի Մկրտիչ Սարգսյանի հետ առանց պատճառի վիճաբանության մեջ է մտել, բռունցքով հարվածել է նրան և կրակել է Մկրտիչի ընկերոջ` Հարություն Զեյթունյանի վրա:

Այսպես, Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 31-ին  ժամը 04:30-ի սահմաններում: Ա.Հարությունյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր ընկեր Էմիլ Կտեյանի հետ միասին սկսել է ծաղրել Մ.Սարգսյանին` հագած հագուստի առնչությամբ:

Ապա առանց պատճառի մոտ 5 րոպե վիճաբանել է նրա հետ, խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից դրդված` նախ բռունցքով հարվածել է Մկրտիչ Սարգսյանին, ապա իր մոտ ապօրինի կերպով պահած, ինքնաշեն եղանակով պատրաստված, ակոսափող հրազեն հանդիսացող և ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված` ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված թմբուկավոր ատրճանակից կրակել է Մկրտիչ Սարգսյանի ընկեր Հարություն Զեյթունյանի ոտքերի ուղղությամբ:

Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ Զեյթունյանի առողջությանը հասցվել է վնաս, ձախ ազդրի վերին երրորդականի առաջային մակերեսի հրազենային գնդակային միջանցիկ, 2-րդ աստիճանի տրավմատիկ և հեմոռագիկ շոկի ձևով նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Իսկ Մկրտիչ Սարգսյանի առողջությանը ստորին ծնոտի աջից հոդելունի և կզակային շրջանների տեղախախտված կոտրվածքների ձևով պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Հարությունյանի կողմից ապօրինի պահած, ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված` ռազմամթերք հանդիսացող թվով 3 հատ փամփուշտները և նշված թմբուկավոր ատրճանակից կրակած 1 հատ գնդակը հայտնաբերվել է 2014թ. հունվարի 31-ին կատարված դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ թմբուկավոր ատրճանակն ու թվով 3 հատ փամփուշտները, կրակված 2 հատ փամփուշտի պարկուճները հայտնաբերվել են Ա.Հարությունյանի տան հարևանությամբ` Երևան քաղաքի Սմբատ Զորավարի 512 հասցեի դիմաց գտնվող մետաղյա վառարանի միջից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` նախատեսված ՀՀ քր.օրի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը  երկու կամ ավելի անձանց նկատմամբ ,  խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգ հարյուրապատիկի չափով կամ առանց դրա): Ա.Հարությունյանը կալանավորվել է:

Քրգործը մակագրվել է Արմավիրի մարզի Էջմիածնի նստավայրի դատավոր Վահե Խալաթյանին:

Արդեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ա.Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանում է ինքը:

Տաթև Հարությունյան




Լրահոս