ԵԽԽՎ պետք է գործուղել Շմայսին, նա ավելի արդյունավետ կաշխատի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Իլհամ  Ալիևի երեկվա խայտառակ ելույթին  մեր  պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին: Նրանք  գլուխները կախ, լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, մեզ կոչում ընդամենը 200 տարվա պատմություն ունեցող քոչվորներ և այլն: Եվ  բարբաջանքների այդ երկրաշունչ տարափը այդպես էլ որևէ ձևով  չխաթարվեց մեր պատվիրակության անդամների ելույթով, հարցով, կամ գոնե ռեպլիկով:

Մինչդեռ ընդգծենք` Ադրբեջանի նախագահի ոչ միայն ելույթն էր նախօրոք պլանավորված, այլև դրա բովանդակությունն էր միանգամայն սպասելի: Հետևաբար` ՀՀ պատվիրակության անդամները շատ հանգիստ կարող էին և պարտավոր էին ոչ միայն ժամանակին հերթագրվել, այլև վաղօրոք մշակել հակադարձելու մի քանի տարբերակներ:   Երեկ, սակայն, անգամ Ալիևից հետո  ելույթ ունեցած  Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակին, այդպես էլ նվազագույն նախաձեռնություն չդրսևորեց և  վաղօրոք գրած տեքստից չշեղվեց: Անհասկանալի էր նաև պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի  բացարձակ անգործությունը:  Ծայրահեղ դեպքում` նա  կարող էր Ալիևին հարց ուղղել:   Ի վերջո, Ալիևն էլ հո Կիսելյովը չէր, որ  Նաղդալյանն այդքան կաշկանդվեց:

Եթե ՀՀԿ-ական փափկասուն տիկնանց լռությունը կարելի էր պայմանավորել  փորձառության պակասով կամ անգլերենի չիմացությամբ, ապա  տարակուսելի էր սովորաբար ակտիվ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կեցվածքը, և ավելի քան խոսուն` ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի լռությունը:  Անհիշելի ժամանակներից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում  ընդգրկված Արմեն Ռուստամյանին չենք հիշատակում, քանզի ԵԽԽՎ-ում նրա գործունեության մասին առհասարակ դժվար է որևէ բան ասել` չեղած բանի մասին խոսելու անհնարինության պատճառով: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին կամ Մհեր Շահգելդյանին, նրանց  ակտիվությունն անգամ  հայրենի Աժ-ում   զրոյական, ուր մնաց թե` նրանք ԵԽԽՎ-ում ինչ-որ բան անեին: Երեկ ավելի քան երբևէ, զգացվեց Զարուհի Փոստանջյանի պակասը ԵԽԽՎ-ում, ով ի հեճուկս իր հասցեին  հնչեցվող մեղադրանքների, հաստատ կհակադարձեր Ալիևին:

Ինչևէ. եղածը եղած է, և վստահաբար` այսօր մեր «քաջարի» պատվիրակները մեկ տասնյակ  պատճառաբանություններ կներկայացնեն` արդարացնելու համար իրենց  անկարողությունը, նրանք անգամ կմեղադրեն լրատվամիջոցներին` իրավիճակը չզգալու և առանց  դիվանագիտական  հաշվարկների մեջ խորանալու` էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելու համար: Այդ ամենը, սակայն, որևէ մեկին չի համոզի:

Հ. Գ   Կարծում ենք` առաջիկայում  արժե  ԵԽԽՎ- ում ՀՀ պատվիրակության կազմում  ընդգրկել Առաքել Մովսիսյանին` Շմայսին: Ի վերջո, Շմայսից հաստատ ավելի շատ օգուտ կլինի, նա գոնե Ալիևին անկեղծորեն կհայհոյի:




Լրահոս