Հայաստանի դրական փորձը` ԱՀԿ ամփոփագրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգող Լուսիան Լիկարին, նույն գրասենյակի «Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի տուբերկուլոզի ծրագրի» տարածաշրջանային խորհրդատու, համակարգող Մասուդ Դառային եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանին:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը շատ կարեւորում է ԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ինչի վկայությունն է մեկ շաբաթ առաջ իր այցելությունը հայաստանյան գրասենյակ եւ օրակարգային տարբեր հարցերի շուրջ աշխատանքային քննարկումը ղեկավարի հետ:

«Մեր ծրագրերը խիստ համահունչ են ԱՀԿ-ի ընդհանուր ռազմավարությանը` ելնելով կարեւոր այն հանգամանքից, որ առողջությունը, անկախ պետական սահմաններից, բոլորի համար բացարձակ աժեք է»,- ընդգծեց առողջապահության նախարարը:

Նա նշեց, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում որպես գերակայություն է դիտարկվում առողջության պահպանման առաջնային օղակը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի անմիջական ուշադրության ներքո գտնվող մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտը եւ առողջապահության նախարարության ռազմավարական ուղղություններից մարզերի համաչափ զարգացումը:

Նա նշեց, որ նախարարությունը մեծ հաջողություններ է արձանագրել իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում` ապահովելով պատվաստումների մեծ ծածկույթ։ Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը` նշելով, որ այժմյան ղեկավար, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը լավ պատկերացնելով համակարգի խնդիրները, առավել արդյունավետ է աշխատում: Լուսիան Լիկարին շնորհավորելով նախարարին պաշտոնավարման առթիվ` ասաց, որ իրենց այցի նպատակն է ուժեղացնել տարածաշրջանային գրասենյակների աշխատանքներն ու համագործակցությունը: «Մենք ցանկանում ենք մշակել համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կընձեռեն մշտական կապ ապահովել փորձագետների միջեւ եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կդառնա»,-ասաց (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգողը:

Լուսիան Լիկարին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի անունից նախարարին հուլիսին աշխատանքային այցով հրավիրեց Կոպենհագեն` ԱՀԿ-ի գործունեությանն ու ծրագրերին տեղում մանրամասն ծանոթանալու նպատակով: Հրավերն Արմեն Մուրադյանի կողմից ընդունվեց։ Մասուդ Դառան փաստեց, որ թեեւ տարեցտարի տուբերկուլոզի նոր դեպքերի նվազեցման միտում է արձանագրվում, սակայն այս հիվանդության դեմ պայքարը, հատկապես` դեղակայուն դեպքերն ԱՀԿ անդամ երկրների համար շարունակում են արդիական մնալ:

Նախարարին ներկայացվեց ԱՀԿ ամփոփագիրը, որում դեղակայուն տուբերկուլոզի կանխարգելման, հսկողության եւ բուժման ասպարեզում դրական փորձ ունեցող երկրների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանում ներկայացված աշխատանքը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի ակտիվացնել հետագա համագործակցությունը։




Լրահոս