«Չեմ կարծում` Քոչարյանն այնքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել իմ հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին և անդրադարձավ իրենց և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցությանը:

– Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Դուք բավական խիստ արտահայտվեցիք քառյակի մասին` նշելով, որ հեռանկարներ չեք տեսնում քառյակի անդամ երեք ուժերի հետ համագործակցությանը, որովհետև նրանք սպասարկում են օլիգարխիայի շահերը: Ձեր դիրքորոշումը նու՞յնն է:

– Այո, մեր ժողովրդի ազգային օրակարգը պահանջում է, որ բոլոր քաղաքական, քաղաքացիական ուժերը, միավորները սպասարկեն ժողովրդի շահը, որը ենթադրում է պայթյուն, նոր հասարակարգի ստեղծում ՀՀ-ում:

– Նկատի ունե՞ք, որ քառյակը պետք է պահանջի նախագահի հրաժարականը, բայց չի պահանջում:

– Մենք նախագահ չունենք… Նրանք, ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը, պետք է հետ տան այն ժողովրդին, մենք պետք է իրենցից հետ վերցնենք ՀՀ քաղաքացիներին պատկանող իշխանությունը:

– Ո՞վ է խանգարում քառյակում ամբողջական իշխանափոխության հարցը դնելուն:

– Քաղաքական կուսակցություններն, իհարկե, կարևոր են, գտնվում են քաղաքական կարևոր գործընթացների մեջ, ուստի իրենք էլ պետք է իրենց շտկեն ու հասկանան` օր առաջ պետք է զբաղվել այդ խնդրով, ոչ թե ժամկետներ տրամադրել կամ սահմանափակ 12 կետի շուրջ գործունեություն ծավալել: Դա պարզապես համագործակցություն է, շատ փոքրիկ համագործակցություն, որն այս պահին արդյունավետ չէ. արտագաղթը չի դադարում, անկախությունը վտանգող բոլոր մարտահրավերները գործում են:

– Ձեր դժգոհությունը քառյակի աշխատանքից կարո՞ղ է դառնալ պատճառ, որ «Ժառանգությունը» լքի քառյակը:

– Քառյակ… որպես այդպիսին քառյակ գոյություն չունի: Դա փոքր համագործակցություն է, փոքրիկ համագործակցություն, որը որակական փոփոխությունների հարուցման սկիզբ դառնալ չի կարող:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք շատերը գնահատեցին անգամ որպես ընդդիմադիր հայտարարություններ: Սա հա՞յտ է վերադառնալու մեծ քաղաքականություն:

– Ես Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Ոչ մեկը միամիտ չէ, մենք գիտենք, թե Քոչարյանը ինչ վարչախմբի պարագլուխ է եղել, ինչ գործունեություն է ծավալել: Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Ես գտնում եմ, որ Մարտի 1-ի հիմնական մեղավորը հենց նա է, որովհետև նա միայն կարող էր այդ հրամանը տալ: Քոչարյանն այս վարչախմբի հովանավորներից, հիմնադիրներից մեկն է: Կարող է` մարդը փոխվել է, բայց ինքը պետք է գա ու ընդունի իր մեղքը: Քանի դեռ նա չի պատժվել իր կատարած արարքների համար, նա նրանցից մեկն է:

-Սակայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ինքը չի բացառում Քոչարյան-քառյակ համագործակցությունը, որի անդամ է նաև«Ժառանգությունը»:

– Դուք ո՞նց եք պատկերացնում` ՀՀ թիվ մեկ օլիգարխը, հանցագործը, ում պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, տասը զոհ Երևանի կենտրոնում, քաղաքական հայացքների համար բազմաթիվ բանտարկյալներ, ինչպե՞ս կարող են մեր գաղափարները միմյանց հետ համընկնել: Իհարկե՝ ոչ: Գաղափարները մեր տարբեր են, ու Ռ. Քոչարյանը առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին:

– Կարո՞ղ ենք ասել, որ «Ժառանգությունը» դեմ կլինի քառյակ-Քոչարյան հնարավոր համագործակցությանը:

– Ես չեմ կարծում, որ Քոչարյանն այնքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել, օրինակ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ:




Լրահոս