Թագավորն ապրած կենա, իսկ ժողովո՞ւրդը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի համար այսօր յուրահատուկ օր է: Մարդն իր կյանքում հոբելյաններ, առավել ևս՝ ծննդյան օրեր, շատ է ունենում, բայց 60-ամյակը այն առաջացած տարիքն է, երբ սեփական անցյալի ու ծրագրերի մասին լրջագույն ինքնահաշվետվությամբ ներկայանալու կարիքը կա: Հակառակ տոնական օրվան՝ Սերժ Սարգսյանն այսօր դրա կարիքը առավել քան երբևէ ունի:

Հասարակությունն, իհարկե, դժգոհ է գործող նախագահից, և դա այնքան անվիճելի է, որ ինչպես ասում են, ենթակա չէ քննարկման: Սերժ Սարգսյանը դեռ մի քանի տարի առաջ ուրիշ Հայաստան խոստացավ, բայց Հայաստանն ուրիշ դարձավ միայն իր շրջապատի համար: Համենայն դեպս, շարքային հայաստանցու համար հայրենիքն այնքանով ուրիշ դարձավ, որ շատերը նախընտրեցին այն հեռվից սիրել:

Իշխանությունը, սակայն, ձեռքը ծալած չի նստել. վաղվանից ՀՀ քաղաքացու համար դարձյալ նոր Հայաստան է խոստացվում՝ ավելի ապահով կյանքի խաբուսիկ հավաստիացումներով: Խիստ որոշակիորեն նշվում է, թե պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը 10-20%-ով բարձրացվելու են: Հասարակությունը, սակայն, ընդվզում է: Վաղն առավոտյան ՀԾԿՀ-ն էլեկրաէներգիայի նոր սակագինն է որոշելու, ինչն ուղեկցվելու է զուգահեռաբար ընթացող բողոքի ակցիայով:

Թե քանի մարդ ներկա կլինի հանրահավաքին, բացարձակապես կարևոր չէ. փաստն այն է, որ ողջ ժողովուրդն է հոգով-մտքով վաղն առավոտյան ՀԾԿՀ բակում լինելու: Նորմալ իշխանությանը սա չէր կարող չհուզել, ու ոչ թե պետք էր 2-3 շաբաթ հետևողականորեն փաստարկներ հորինել, թե որքանով է հիմնավորված հոսանքի թանկացումը, այլ՝ մշտապես խոստացվող բոլոր հարցերի լուծման փաթեթը բացել ու խնդրին լուծում տալ:  Նորմալ իշխանությունը վաղվա հանրահավաքից պետք է հոսանքահարվեր, և այսօր էլ ոչ թե շնորհավորանքների հեղեղով փառաբաներ գործող նախագահին, այլ հիմքեր ստեղծած լիներ, որպեսզի դա ժողովուրդն աներ:

Դավիթ Վանեսյան




Լրահոս