«Մեղադրողն ասում է` քանի տուժողին չեք տվել 2000 դոլարը, մեզ տվեք» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Նիստի ժամանակ մեղադրող Վարդան Պապիկյանը մեղադրական ճառում միջնորդեց Ավետիսյանին ազատազրկել 6 տարի 6 ամիս ժամկետով` միաժամանակ խնդրելով դատարանին ուշադրություն դարձնել այնպիսի հանգամանքի վրա, ինչպես օրինակ այն, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված չի եղել, իր խնամքի տակ ունի մինչեւ 14 տարեկան երեք երեխաներ, մասնակցել է ՀՀ եւ ԼՂ սահմաններին պաշտպանական գործողություններին, որի ընթացքում պարգեւատրվել է բազմաթիվ պարգևներով։

Մեղադրողը միջնորդեց Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 34 178- րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով եւ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կատարված հանցագործության մեջ եւ վերջնական պատիժ նշանակել 6 տարի 6 ամիս ժամկետով և նրանից բռնագանձել 864 հազար դրամ:

Armlur.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ մեղադրողը մի կողմից փորձում է ներկայացնել, թե Դատախազությունը շատ օբյեկտիվ և արդար է, մյուս կողմից էլ` այնպիսի պատիժ է միջնորդում, որն անհամատեղելի է չապացուցված հանցագործության հետ:

«Կարելի է ասել` ամենախիստ պատիժն է դատախազն ուզել: Դրանից զատ նաև ցանկացավ ամեն կերպ ընտանիքին վնաս տալ` փորձելով բոլոր միջոցներով 2000 ԱՄՆ դոլարը գանձել: Դատախազի բերած պատճառաբանություններն ուղղակի ցնցող էին. ցանկանում է բռնագանձել կաշառք վերցրած գումարը: Այսինքն` նախ մարդը պետք է մեղադրվի կաշառք տալու կամ վերցնելու մեջ, հետո նոր պատժվի»,- ասաց գնդապետի պաշտպանը` հիշեցնելով, որ մինչ այդ, երբ խափանման միջոցի հարց էր բարձրացվում, համաներման արդարության մասին էր խոսվում, որով պետք է Վոլոդյա Ավետիսյանին բաց թողնեին, դատախազությունը դեմ էր հետևյալ փաստարկին` տուժողի վնասը վերականգնված չէ:

«Այսինքն` այդ 2000 դոլարը պետք է հանձնվեր տուժողին, հիմա մոռացան դրա մասին, ասում են` քանի տուժողին չեք տալիս, բերեք մեզ տվեք: Նման դաժան պատիժ ուզելը ես շատ հազվադեպ եմ հանդիպել, և սա այդ դեպքերից է»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը:

Տեղեկացնենք նաև, որ այսօր Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունել իր մեղքը:

Տաթև Հարությունյան




Լրահոս