Վանաձորում ՀԱԿ դաշինքի անդամը բոյկոտեց ավագանու նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հանրապետական լրատվամիջոցներով բարձրաձայնվեց, որ կալանքի տակ է հանրապետության երրորդ քաղաքի՝ Վանաձորի բյուջեն՝ այն էլ քաղաքապետի սեփական պարտքի պատճառով: Հրապարակումները բնականաբար անպատասխան մնացին, արդյունքում էլ միայն քաղաքապետարան լրագրողների մուտքը սահմանափակվեց քաղաքապետի կողմից: Բյուջեի կալանքի այդ ամբողջ պատմությունը քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքի շինարարության հետ է կապված, որը, ինչպես բնակիչներին է հայտնի, քաղաքապետի սեփական բիզնես-ծրագիրն է: Դեռ վերջին աղմուկը չմարած՝ այսօրվա ավագանու նիստում քննարկման էր ներկայացված նույն էլիտար շենքին վերաբերող մեկ այլ հարց, որը նոր միջադեպի առիթ տվեց: Հիմա էլ նախատեսվում է դեռ անավարտ էլիտար շենքում համայնքի կողմից բնակարան ձեռք բերելով՝ իբր վարձակալությամբ հատկացնել այն Հասմիկ Սահակյանի ընտանիքին:

ՀԱԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հենց սկզբից առաջարկեց հարցը հանել օրակարգից: Մինչդեռ, քաղաքապետի առաջարկությամբ, նրանից բացի՝ ավագանու ներկա 10 անդամները կողմ քվեարկեցին օրակարգն ամբողջությամբ հաստատելուն՝ անցնելով օրակարգային հարցերի առանձին-առանձին քվեարկությանը: Խնդրային չորրորդ՝ բնակարանի հատկացման հարցի քվեարկության ժամանակ, սակայն, ավագանու անդամը, վկայակոչելով ՏԻՄ օրենքի 14.2 հոդվածը, հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել քվեարկությանը: Նշված հոդվածով՝ նիստը իրավազոր է, եթե ներկա է ավագանու անդամների կեսից ավելին, իսկ այսօրվա նիստում 21 անդամից 11-ի ներկայության ու նրանցից մեկի՝ չքվեարկելու պայմաններում արդեն քվորումի ապահովման հարց էր առաջ գալիս, ինչին քաղաքապետի ու նրա աշխատակազմի ուշադրությունը հրավիրեցին ավագանու անդամներ Արամ Խաչատրյանն ու Արմեն Մատինյանը:

Արամ Խաչատրյանը նաեւ ընկերների խնդրանքով բացատրեց նիստն իր կողմից բոյկոտելու իմաստը: «Իմաստն այն է, որ 22 հազար դոլար տալ էլիտար շենքում բնակարան առնել՝ այսօրվա պայմաններում մենք նման ճոխություն չենք կարող մեզ թույլ տալ: Քանի անգամ գրել եմ գրավոր՝ Զաքարյանի մայթը վերանորոգենք, չի վերանորգվել, գնացել ենք մարզադպրոցներն ենք ուսումնասիրել, խնդիրներ կան, գրավոր ներկայացրել ենք, ասում են՝ գումար չկա: Մենք այդ ռեսուրսը չունենք: Եթե անգամ մենք կարող ենք տուն տալ, այս նախագծերի մեջ մենք պարտավորություն էլ չունենք: Կամ՝ թող տուն տանք, բայց ինչո՞ւ հենց այդ շենքում: Այսինքն՝ խնդիրն այն է, որ պետք է անպայման վաճառվի այդ շենքի՞ բնակարանը: Այդ բնակչի հետ խոսել եմ, ասում է՝ ինչի իմ սեփականը չի՞, ինքը տեղյակ չի, որ դա իր սեփականությունը չէ»,-հարցադրումների միջոցով իր մտահոգությունը հայտնեց ավագանու անդամը:

Քաղաքապետի, նրա աշխատակիցների ու ավագանու որոշ անդամների դիտարկմանը, թե համայնքն է այդ բնակարանը գնում, որովհետեւ մինչեւ երկրաշարժը ընտանիքն այդ՝ կառուցվող էլիտար շենքի տարածքում է բնակվել (մնացած 12 շահառու ընտանիքների նման որոնց հետ քաղաքապետը պայմանագրեր ունի կառուցվող շենքում բնակարաններ հատկացնելու), ավագանու անդամը, սակայն, նկատեց. «Իսկ եթե էլիտար շենքի բնակիչ է, հարցն այդ է, ինչո՞ւ է դուրս մնացել, եւ 12 ընտանիքների պես նրա հետ էլ պայմանագիր չի կնքվել»:

Ավագանու անդամների առաջարկին, որ մնա եւ մասնակցի այս հարցերի քննարկմանը, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «Հիմա որ քննարկեցինք, համաձայնությա՞ն պետք է գանք, մեր կամքին հակառակ պետք է քվեարկենք: Ես իմ համոզմունքն ունեմ, վստահ եմ, որ ամենքդ էլ ձեր մեջ համոզված եք, խնդիրն այն է՝ ով է հրապարակային ասում, ով՝ ոչ»,-եզրափակեց ավագանու անդամը՝ լքելով նիստերի դահլիճը:

Քաղաքապետն ու նրա ենթակաները նիստի հրապարակայնության պայմաններում ամեն դեպքում խուսափեցին ռիսկի դիմել՝ 10 հոգով քվեարկություն անցկացնելու, եւ ավագանու նիստը հետաձգեցին մինչ վաղը, որի ընթացքում որոշվելու է համայնքի բյուջեից էլիտար շենքում Սահակյանների ընտանիքի համար բնակարան գնելու հարցը:

Ադրինե Թորոսյան




Լրահոս