ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեղմ ասած, վիճահարույց հայտարարություններով, որոնցից ամենավիճահարույցը, թերեւս այն պնդումն է, թե մենք շատ ենք ցանկանում, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միություն:
Իհարկե, դժվար է հարյուր տոկոսով պնդել, որ տվյալ դեպքում Արտաշես Գեղամյանի «մենքը» Հայաստանի հանրապետությունն է եւ ցանկության դեպքում դա կարելի է ներկայացնել որպես մեկ առանձին պատգամավորի դիրքորոշում: Մյուս կողմից, սակայն, բոլորին / այդ թվում եւ ազերիներին/ է հայտնի, որ Արտաշես Գեղամյանը պատահական մեկը չէ. նա ՀՀ ԱԺ-ում ներկայացնում է իշխանական խմբակցությունն ու բացահայտորեն սպասարկում է ռուսական շահերը, եւ, ի վերջո, միակ մարդն է, ում գրքերի շնորհանդեսներին իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում մասնակցել է երկրիս բանասեր նախագահը/ միակ բացառությունը օրերս Վրեժ Իսրայելյանի գրքի շնորհանդեն էր/: Հետեւաբար` Գեղամյանը չէր կարող հենց այնպես ինչ-որ բան ասել:
Իհարկե, տեսականորեն հնարավոր է նաեւ այն տարբերակը, որ ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրած լինի Գեղամյանի միտքը, թեեւ` այն լիովին համահունչ էր զրույցի ընդհանուր կոնտեքստին, եւ, բացի այդ, համենայն դեպս, երեկվա դրությամբ ասվածի հերքումը բացակայում էր:
Ավելին` Գեղամյանի վերը նշված միտքը զարգացրել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հայտարարելով, թե «մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գոռգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միեւնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները»:
Այսպիսով` իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արդեն հայկական լրատվամիջոցին հստակ ասում է, որ Հայաստանը չի ընդդիմանալու Ադրբեջանի անդամակցությանը: Սա նշանակում է, որ Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելու եւ ամեն գնով նրա անդամակցությանը հասնելու որոշումը ԵՏՄ անդամների կողմից կայացված է, եւ այդ մասին հստակ տեղյակ է պահված ՀՀ իշխանությանը: Ավելին. ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավարն իր գնահատականը փորձում է ներկայացնել ծայրաստիճան վտանգավոր հիմնավորմամբ, թե.«Ա. Գեղամյանը դիվանագիտորեն հասկացրել է ադրբեջանական կողմին, որ Եվրասիական միության անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն, ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը եւ դեմ առ դեմ խոսի խնդրի մասին»:
Դժվար է հավատալ, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղյակ չէ, որ Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի` դեմ առ դեմ խոսելու միակ ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Ուստի ստացվում է, որ Վ. Բաղդասարայանն ըստ էության բացահայտում է սպասվող զարգացումները` Ղարաբաղի հարցը ԵԱՀԿ Մինսկի ֆորմատից դուրս բերելու եւ ԵՏՄ տիրույթ տեղափոխելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է նրա այն պնդմանը, թե Ադրբեջանի անդամակցության հարցը լուծողը մենք չենք, ապա դա Աստանայից հետո այլեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ:
Չդառնալով ԵՏՄ հիմնադիր անդամ` Հայաստանը զրկվեց որեւէ` այդ թվում եւ Ադրբեջանի անդամակցության հարցում, վետո դնելու իրավունքից: Անհասկանալի է միայն ՀՀԿ խմբակցության ղեկավարի ոգեւորությունը, որով նա արձանագրում է այդ խայտառակ ձախողումը: