Ալիևի համար խիստ անակնկալ էր, որ հայկական պատվիրակությունը հարց չտվեց. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ:

Կողմերը քննարկել են անհայտ կորածների, գերիների և ռազմագերիների խնդիրները:  Այս հանդիպման, ինչպես նաև՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի և վեհաժողովի արդյունքների մասին armlur.am-ը զրուցեց Նաիրա Զոհրաբյանի հետ:

– Տիկի՛ն Զոհրաբյան, ի՞նչ է քննարկվել «Կարմիր խաչի» ներկայացուցչի հետ, և ի՞նչ նորություններ կան հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին:

– Մենք քննարկել ենք «Կարմիր խաչի» մանդատի ենթակայության տակ գտնվող տարբեր հարցեր, այդ թվում՝ մեր ռազմագերու հարցը, այլ կորածների հարցեր: Ես նաև նշեցի, որ այս առաքելության մեջ շատ կարևոր է «Մի՛ վնասիր» սկզբունքը: Միայն ասեմ, որ մասնավորապես ես՝ որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այդ հարցը միշտ միջազգային հարթակներում բարձրացնում եմ: Մենք համատեղ աշխատում ենք «Կարմիր խաչի» հետ, և որտեղ կարող ենք փոխադարձաբար միմյանց օգնել, դա անպայման կանենք համակարգված ձևով:

– Ամփոփելով ԵԽԽՎ աշխատանքները՝ ի՞նչ ձեռքբերումներ արձանագրվեցին:

– ԵԽԽՎ վերաբերյալ հայկական պատվիրակությունը վաղը կամ մյուս օրը հանդես կգա մամուլի ասուլիսով: Մինչև համատեղ ասուլիսը շատ մանրամասներ չեմ կարող հայտնել: Միայն կարող եմ ասել, որ ես բավականին արդյունավետ եմ գնահատում հայկական պատվիրակության կատարած աշխատանքը, չնայած այստեղ՝ մամուլում, իմ շատ հարգարժան տարբեր գործընկերներ-լրագրողներ և փորձագիտական խմբի ներկայացուցիչներ տարբեր դիրքորոշումներ էին հայտնում:

Ես թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պատգամավոր շատ ավելի արդյունավետ եմ համարում այն, որ հարցերը, որոնք մենք պիտի տայինք Ալիևին, մեզ հետ համատեղ քնարկելուց հետո տվեցին եվրոպացի պատգամավորները:

Եթե մենք 30 վայրկյանում տայինք մեր հարցը, Ալևին հնարավորություն կտայինք անսահմանափակ ժամանակ, և չէինք ունենա արձագանքի հնարավորություն: Հայկական պատվիրակությունը ճիշտ ընտրված մարտավարությամբ խափանեց ալիևյան սցենարը: Նրա համար խիստ անակնկալ էր, որ հայկական պատվիրակությունը հարց չտվեց: Այդ հարցերը հնչեցրին մեր եվրոպացի գործընկերները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս