Armenian text to speach

ՔՊ երիտասարդ թևից՝ խորհրդարան․ ի՞նչ ունեցվածք ունի 25-ամյա Սյուզաննա Սայադյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդ թևի ներկայացուցիչ 25-ամյա Սյուզաննա Սայադյանն արդեն շուրջ երեք ամիս է՝ Ազգային ժողովի պատգամավոր է, սակայն խորհրդարանական գործունեության այս ընթացքում նրա ձայնը հանրությանը դեռ լսելի չի դարձել։

Երիտասարդ պատգամավորը, որը քաղաքականություն է եկել ՔՊ կուսակցական համակարգից, առայժմ աչքի չի ընկել խորհրդարանական ելույթներով կամ հանրային ակտիվությամբ։ ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ով է իշխանական թիմի երիտասարդ ներկայացուցիչը, ինչ ճանապարհ է անցել մինչև խորհրդարան հասնելը և ինչ ունեցվածք ու եկամուտներ է հայտարարագրել։

Ըստ ArmLur.am-ի ուսումնասիրության Սյուզաննա Սայադյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Արտաշատում։ 2023 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ 2026 թվականին՝ նույն համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագիրը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ 2024 թվականին մասնակցել է ՔՊ ժողովրդավարության դպրոցին։

2021-2026 թվականներին եղել է Արտաշատի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, 2023-2026 թվականներին աշխատել է որպես ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալի օգնական։ 2025 թվականի մայիսից հուլիս ամիսներին պատգամավորի օգնականի աշխատանք է կատարել կամավոր հիմունքներով։ Սյուզաննա Սայադյանն ամուսնացած չէ։

Անշարժ գույք

ArmLur.am-ը արձանագրեց, որ հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին և տարեվերջին Սյուզաննա Սայադյանը անշարժ գույք չի ունեցել։ Տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու վերաբերյալ տվյալներ նույնպես չկան։ Հայտարարագրում բացակայում են նաև փաստացի տիրապետվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։

Եկամուտ

2025 թվականի ընթացքում Սյուզաննա Սայադյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 միլիոն 788 հազար 708 դրամ եկամուտ։

Դրամական միջոցներ

Եթե 2025 թվականի սկզբին պատգամավորի հայտարարագրած կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ, ապա տարեվերջին դրանք հասել են 800 հազար դրամի։

ArmLur.am-ը արձանագրեց, որ հայտարարագրում բանկային հաշիվների մնացորդների, արժեթղթերի, ներդրումների և կրիպտոակտիվների վերաբերյալ տվյալներ չկան։ Նույնպես տվյալներ չկան տրանսպորտային միջոցների վերաբերյալ․ Սյուզաննա Սայադյանը հայտարարագրել է, որ տարվա սկզբին և տարեվերջին ավտոմեքենա չի ունեցել։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս