Գյուղնախարարությունը վստահեցնում է` այս տարի դեռ ծիրան կուտենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Հայաստանում ծիրանի բերքը մոտ տասն անգամ պակաս կլինի անցած տարվա համեմատ: Եվ նույն կերպ էլ այս տարի ծիրանի գինը շուկայում տասն անգամ բարձր է: Նման սակավության ու թանկության պատճառն այս տարի մարտ ամսվա վերջի և ապրիլի սկզբի ցրտահարությունն էր, երբ ծիրանենիներն արդեն ծաղկած էին: Այդ ցրտահարության հետևանքով Արարատյան հարթավայրում ու նախալեռնային ցածրադիր գոտիներում ծիրանի բերքը 90-100 տոկոսով վնասվեց: Եվ հիմա շուկայում վաճառվող ծիրանը հենց այդ վայրերում ցրտահարությունից փրկված շատ չնչին մասն է:

Այսօր շուկայում մեկ կիլոգրամ ծիրանը վաճառվում է 1000-3000 դրամով: Իսկ սուպերմարկետներում այն ավելի բարձր գնով է վաճառվել: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ռուսաստանաբնակ ընկերը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետից 1 կիլոգրամ ծիրանն անգամ 16.000 դրամով է գնել:

Գ. Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այս տարի սպասում են ընդամենը 8000 տոննա ծիրան` այն դեպքում, երբ անցած տարի այն եղել է մոտ 90 հազար տոննա: Այս պահի դրությամբ արտահանվել է ընդամենը 143 տոննա ծիրան անցած տարվա այս պահի 9870 տոննայի փոխարեն: Իսկ անցած ողջ տարի արտահանվել է 23 հազար տոննա ծիրան: Նրա խոսքերով` անցած տարվա արտահանման ծավալներն աննախադեպ են եղել ողջ հետխորհրդային շրջանի համար: Սպասվում էր, որ այս տարի այդ ծավալները պիտի ավելանային, բայց գարնանային ցրտահարությունը վնասեց ողջ բերքը: Գ. Պետրոսյանը նաև վստահեցրեց, որ որոշ չափով ծիրանի բերք դեռ սպասվում է Արագածոտնի մարզից՝ Թալինի տարածաշրջանից, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր հատվածներից, որտեղ հասունանում է ուշահաս ծիրանը: Դեռ սպասվող բերքը որոշակիորեն կնպաստի նաև արտահանմանն ու ներքին սպառման ծավալի ավելացմանը: Գ. Պետրոսյանը նաև հավաստիացրեց, որ դրա արդյունքում առաջիկա մեկ-երկու շաբաթներին նաև որոշակի գնանկում կլինի: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը, սակայն, գտնում է, որ այս պահին շուկայում հենց ուշահաս ծիրանն է վաճառվում, և ծիրանը դժվար թե ավելի ցածր գին ունենա:

Ծիրանի հետ միասին կամ նույնիսկ ծիրանի ազդեցության արդյունքում այս տարի բավականին թանկ է նաև կեռասը: Գ. Պետրոսյանի տվյալներով` այս տարի անցած տարվա համեմատ կեռասի բերքն ավելի շատ է եղել և ավելի շատ էլ արտահանվել է՝ 341 տոննա անցած տարվա 205 տոննայի փոխարեն: Բայց եթե այս մրգատեսակն այս տարի ավելի շատ է եղել, ապա ինչու է անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի թանկ՝ 700-2500 դրամ: Մեր զրուցակիցը նախ համաձայն չէ, որ կեռասն այս տարի կրկնակի թանկ է: Իսկ եթե թանկ է, ապա այդպես է ծիրանի սակավ և թանկ լինելու արդյունքում: Քանի որ այս սեզոնին շուկայում հիմնականում ծիրանն է սպառվում, ինչը չկա, պահանջարկը մասամբ բավարարվում է կեռասով ու այլ մրգատեսակով: Եվ քանի որ ծիրանը թանկ է ու չկա, այդ հանգամանքը բարձրացնում է կեռասի, խնձորի ու այլ մրգատեսակի պահանջարկն ու գները:

Հայտնի է, որ մեր երկրում մրգի արտահանմամբ զբաղվում են հիմնականում օլիգարխ պաշտոնյաները, և այդ ոլորտն էլ գրեթե մենաշնորհային վիճակում է: Այս դեպքում էլ շրջանառվում է հիմնականում «Սպայկա» ընկերության անունը, որը կապում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի, երբեմն նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Եվ հաճախ գյուղացիները դժգոհում են, որ արտահանողները մրգի սպառման գին են թելադրում, իսկ արտահանման դեպքում՝ պայման: Գ. Պետրոսյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ` ասելով, որ արտահանվում է հիմնականում արտադրված բերքի 5-10, երբեմն՝ 25 տոկոսը, ինչը չի կարող պայման թելադրել:

Իսկ եթե այս տարի մեր երկրում կա ծիրանի բերքատվության մեծ խնդիր, ապա ինչո՞ւ այն չի լրացվում ներկրելու միջոցով: Օրինակ՝ հարևան Թուրքիայից կամ Իրանից: Չէ՞ որ մեր ներկրողները հատկապես Թուրքիայից անընդհատ լոլիկ և վարունգ են ներկրում ու այդպիսով ազդում ներքին գների վրա: Նույնը կարող էր այս տարի լինել ծիրանի պարագայում: «Հավանաբար ձեռնտու չէ, բացատրություն չունեմ: Եվ չեմ էլ կարծում, որ եթե ներկրվի, սպառում կունենա, միևնույն է` համային հատկանիշներով զիջելու է մերինին՝ կոնկրետ ինձ համար: Եթե չիրը վերցնեք՝ ոսկեգույն, գերազանց տեսքով, բայց համային ու որակական հատկանիշներով ոչ մի համեմատելու եզր չունի մերինի հետ»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Հ. Բերբերյանն էլ է գտնում, որ ներկրողները մտավախություն ունեն, որ այն կարող է չսպառվել մեր շուկայում: Պարզապես վարունգ և լոլիկ ներկրվում է այն ժամանակ, երբ հողի բերքը հասունացած չի լինում և սպառվում է ջերմոցայինը: Իսկ ներկրված ջերմոցային բանջարեղենի համային ու որակական հատկանիշները շատ ավելի ցածր չեն, քան թե Հայաստանի ջերմոցային բանջարեղենինը: Իսկ Գ. Պետրոսյանը հավատացնում է, որ ծիրանի փոխարեն ակնկալվում է դեղձի «հոյակապ բերք» թե՛ վերամշակման և թե՛ սպառման համար: Նույնը կարող է վերաբերել նաև խաղողին:




Լրահոս