Հայ պատանի փրկարարները մեկնել են միջազգային հավաք-մրցույթի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 2-ին Զվարթնոց օդանավակայանում բոլորի ուշադրությունը գրավում էր պատանիների մի խումբ: Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմն այսօր մեկնեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք, որտեղ անցկացվելու է հրշեջ-փրկարարների 2-րդ միջազգային հավաք-մրցույթը, ապա կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Գոմելի շրջանում անցկացվող պատանի հրշեջ-փրկարարների 12-րդ հավաք-մրցույթին մասնակցելու:

Հավաքի ընթացքում թիմերը մասնակցելու են մրցութային մարզական և մշակութային տարբեր միջոցառումների, ինչպես նաև ներկայացնելու են իրենց երկիրն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող կառույցները: Այս տարի իրենց մասնակցությունն են ունենալու 17 երկրի խմբեր:

2014թ.-ի ապրիլի 10-ին կազմակերպվել էր Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնություն, որին մասնակցություն են ունեցել յուրաքանչյուր վարչական շրջանից մեկական թիմ, որոնք վարչական շրջաններում նախապես կազմակերպված մրցման արդյունքում հաղթող են ճանաչվել: Այդ հաղթող թիմերից ձևավորվել է Երևանի հավաքական թիմը, որը մասնակցել է մրցույթի հանրապետական առաջնությանը: Հենց այդ մրցույթի արդյունքում ձևավորվել է պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաք-մրցույթին այս տարի մասնակցող ՀՀ հավաքական թիմը:

ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարներին ուղեկցում էին թիմի ղեկավար Ա. Սարգսյանը և փ/ծ մայոր Ա. Գյուրջինյանը: Խմբին ճանապարհելու էր եկել նաև ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, գնդապետ Պ. Գյոզալյանը, ով հաջողություն մաղթեց պատանիներին և հաղթանակի սպասումներն արդարացնողներին ըստ արժանվույն դիմավորելու ցանկություն հայտնեց:

2013թ.-ին մասնակցելով Բելառուսի Հանրապետությունում անցկացվող պատանի հրշեջ-փրկարարների 11-րդ հավաքին` ՀՀ ԱԻՆ պատանեկան թիմը սպորտլանդիայում գրավել էր 2-րդ, իսկ գեղարվեստական մրցույթում` 3-րդ տեղը:

Այս տարի, ինչպես և նախորդ տարի, հավաքին մեկնում էին բարձր տրամադրությամբ և մեծ ակնկալիքներով: Պատանի փրկարարների և նրանց խմբի ղեկավարների հավաստմամբ` հաղթելու ցանկությունն, անկասկած, մեծ է, բայց կարևորը երկրի անունը բարձր պահելն ու լավ հանդես գալն է: 

ԱԻՆ պատանեկան թիմը կազմել են 7 պատանիներ` Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Երևանի ներկայացուցիչը 15-ամյա Մերի Հարությունյանն է` գեղեցիկ սեռի միակ ներակայցուցիչը խմբում: Նրա պատասխանատվության տակ է գեղարվեստական մասի ապահովումը: Մերին Բերդ պարային համույթի պարուհի է, սիրում է ակտիվ ժամանց, բայց ցանկանում է թարգմանիչ-լեզվաբան դառնալ: Առանձնակի ջերմությամբ խոսելով թիմակիցների մասին` Մերին նշեց. «Բոլորս քույր-եղբայր հարաբերությունների մեջ ենք: Իհարկե, դժվարությունները շատ էին և, թվում էր, չեմ կարող հասնել տղաներին, բայց ամեն ինչ հարթվեց: Հիմա մենք մեկս մյուսին լրացնող համախմբված թիմ ենք»: Թիմի ավագը 16-ամյա Արտաշես Վարդանյանն է, ով ներկայացնում է Շիրակի մարզը: Հումորն ու կենսուրախությունն այս պատանու ահռելի զենքն են, որոնք մեծ ձեռքբերումների հիմք են: Նա զբաղվում է սպորտով և ցանկանում է իրավաբան դառնալ: Ինչպես յուրաքանչյուր տղա, այնպես էլ Արտաշեսը ցանկանում է ծառայել զինված ուժերում և կարևորում է այս հավաքները. «Երկրոդ անգամ եմ մասնակցում հավաքին: Թիմի ավագ լինելը պատասխանատու է, բայց հենց այդ պատասխանատվությունն է օգնում համախմբվել և պայքարել»:

Երեխաներից պակաս ոգևորության մեջ չէին նաև ծնողները: Հուզված, ոգևորված և հպարտությամբ լցված նրանք ճանապարհում էին իրենց զավակներին: Խոսելով աղջկա նախասիրությունների մասին` Մերիի մայրն առանձնացրեց. «Այստեսակ միջոցառումներն օգնում են անհատներ ձևավորել: Մեկ ու կես ամիս դժվարին պարապմունքներն իրենց արդյունքն անկասկած տալու են: Շնորհակալ ենք նմանօրինակ լուրջ մոտեցման համար: Հուսով եմ` տղաս հետագայում նույնպես կկարողանա ներկայացնել իր հայրենիքը այս հավաքում»: Անդրադառնալով դժվարություններին` նշենք, որ պատանիները պետք է տիրապետեին որոշ հմտությունների. փրկարարական հանգույցների կապում, արգելապատի անցում, վազք գերանի վրայով, վազք թունելով, հրշեջ-փրկարարական մարտական հագուստի հագնում, առաջին բուժօգնության ցուցաբերում, ջրափրկարարական կարողություններ:

Հաջողություն ենք մաղթում մեր կրտսեր գործընկերներին:




Լրահոս