ԱԿՏԻՎԻՍՏԸ ՊԱՏՄԵԼ Է ԾԵԾԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ գիշերը տուն դառնալիս անհայտ անձինք հարձակվել են ակտիվիստ Գոռ Առաքելյանի վրա եւ ծեծի ենթարկել: Ովքե՞ր եւ ինչո՞ւ են հարձակվել նրա վրա:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Գոռ Առաքելյանի հետ՝ պարզելու այդ հարցերի պատասխանները: «Գիշերը 1 անց կեսից 2-ի կողմերն էր, ստույգ չեմ ֆիքսել, տուն էի գալիս, տեսա` սիգարետս վերջացել էր, գնացի սիգարետ առնելու,-պատմեց Գոռը՝ մանրամասնելով,-երբ հետ էի գալիս, Հասրաթյան փողոցի մայթեզրից մի փոքր խորք ընկած հատվածում մթության մեջ նկատեցի 3 հոգու, ովքեր ակնհայտորեն ինձ էին սպասում: Երբ անցա նրանց մոտով, նրանցից մեկն ասաց. «Էսի էդ …-ը չի՞»: Արդեն ակնհայտ դարձավ, որ ինձ համար էին եկել, ու նրանք կոնկրետ «միսիա» ունեին: Գլուխս շրջեցի, որ տեսնեմ, թե ում կողմից «պատիվ» ունեմ վիրավորվելու, եւ նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ ես նայում, արա՛, ա՛յ…»: Պատասխանս հետեւյալն էր. «Տղե՛րք, ձեր հետ խնդիր չունեմ, չեմ էլ ուզում, բայց պետք չի էդքան բանն անել»: «Ինչքա՞ն բանը, ա՛յ ակտիվ մասսա»,-ասաց ստահակներից մեկը, իսկ մյուսը կողքից ասաց. «Արա՛, սրանց հետ ի՞նչ խոսալ, խոսալս ո՞րն ա, սրանց պետք ա բռնել ու…»»:
Ակտիվիստի խոսքով՝ անծանոթները սկսել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին, ինչին ի պատասխան՝ ինքը նույն հայհոյանքներն ուղղել է հայհոյողների ընտանիքներին, որից հետո թիկունքից նրան մոտեցել է 4-րդ անձը եւ հարվածել: Ապա 4 անծանոթները սկսել են խառը հարվածներ հասցնել իրեն:
«Այնուհետեւ, երբ արդեն հայտնվել էի գետնին, մի պահ նրանցից մեկն ասաց. «Հլա սպասե՛ք տենամ՝ սա՞ղ ա էս համբալը, թե՞ սատկավ»: Էդ պահին դադարեցրին խփելը:
Երբ ձեռքը գցեց շորիս, որ ինձ քաշի, ես գլուխս բարձրացրի, ասացի` կերազես, որ սատկեմ, ու էդ պահին տեսա, որ մոտ 30 մետր էն կողմից իբր թե անտեղյակ գալիս են 3 ոստիկան: Ինչո՞ւ իբր թե, որովհետեւ մոտենալուց հետո միանգամից բռնեցին թեւերս` վրաս գոռալով հետեւյալը. «Հանգստացի՛ հլը, արա՛», ու դա այն դեպքում, երբ իրենց ներկայությամբ ու, ինչու չէ, նաեւ օգնությամբ էդ ծեծողները շարունակում էին խփել: Իսկ ոստիկանները պինդ ու ամուր բռնել էին ինձ:
Մութ էր, շատ մութ, ուղղակի անցնող մեքենաներից մեկի լույսն ընկավ մեր վրա, ու տեսա, որ ոստիկաններից մեկը ենթասպա է կոչումով: Մոտ 5 րոպե համատեղ ծեծից հետո ոստիկաններից մեկն ասաց. «Ապե՛, լավ, ականջից արուն ա գալի արդեն», որից հետո միանգամից ոտքերիս խփեցին ինձ գետնին տապալելու նպատակով: Մինչ խելքս եկավ տեղը, ու բարձրացա, ոչ ոք չկար՝ ո՛չ անծանոթները, ո՛չ ոստիկանները»,-պատմեց ակտիվիստը:
Գոռ Առաքելյանը բուժհաստատություն չի դիմել, իր խոսքով` ապաքինվում է տնային պայմաններում: «Չեմ դիմել նաեւ ոստիկանությանը, չեմ էլ դիմի երեւի, իմա՞ստը: Դիմեմ, որ ի՞նչ անեմ»,-հարցադրեց նա:
Դեպքի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակցի հետ, ով ասաց, թե ակտիվիստի ծեծի մասին կարդացել է համացանցում, սակայն չի կարող երաշխավորել տեղեկության հավաստիությունը, քանի որ տուժողը տվյալ դեպքում առայժմ չի բողոքել, նաեւ չի դիմել բուժհաստատություն, իսկ նման պարագայում ոստիկանությունը չի կարող գործին ընթացք տալ:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս