ՌԵԿՏՈՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել: Պատճառն այն է, որ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի կատարել իր խոստումը:

Մինչ «Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած ԵՊՀ դասախոսների բողոքին անդրադառնալը, հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում ԵՊՀ-ն աչքի ընկավ մի քանի սկանդալային իրադարձություններով, որոնցից ամենաաղմկահարույցը, թերեւս, բուհի երկու ավագ հաշվապահների՝ Կարինեի եւ Ռիմայի կողմից 2010-2012թթ. ընթացքում ուսանողների վարձավճարների յուրացման դեպքն է: Փաստի առթիվ հունիսի 26-ին հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացնելը, ուրիշի գույքի հափշտակությունը, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով) եւ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացումը, պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հատկանիշներով:
Այս դեպքից անմիջապես հետո ռեկտորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե մինչեւ ամեն ինչ չապացուցվի, ինքն իրավունք չունի հաշվապահներին հեռացնել: Այդուհանդերձ, մեկ ամիս անց՝ օգոստոսի 30-ին, հայտնի դարձավ, որ ապօրինության մեջ կասկածվող հաշվապահներն ազատվել են աշխատանքից:
Երեկ տեղեկացանք, որ բուհի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Մեզ ահազանգած դասախոսները նշեցին, որ Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել. «Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ չէ, հայտարարել է, որ ինքն է որոշում՝ ում ինչքան տա»:
Մեր զրուցակիցները հայտնեցին նաեւ, որ ԵՊՀ ռեկտորը դեռ 2013թ. սկզբին հայտարարել էր, թե 2014թ. հունվարից բարձրացնելու է դասախոսների աշխատավարձը, սակայն այժմ ասում է, որ նման բան չի պատրաստվում անել. «Դուք պատկերացնո՞ւմ եք, երբ հունվարից կուտակային կենսաթոշակների պահումներն էլ իրականացվեն, մեր աշխատավարձերը չնչին կոպեկներ կլինեն: Աշխատելն անիմաստ է դառնում: Օրինակ՝ Մանկավարժականում լաբորանտները ստանում են 80.000 դրամ, Տնտեսագիտական համալսարանում՝ 110 հազար դրամ, իսկ ահա ԵՊՀ-ում՝ նրանք ստանում են 60.000 դրամ: Սա շատ անարդար մոտեցում է, ու մենք չենք լռելու»:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
-Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞ւ եք այս տարի որոշել ԵՊՀ դասախոսների 13-րդ աշխատավարձը չվճարել ամբողջությամբ: Մեզ դիմած դասախոսները պնդում են, որ լավագույն դեպքում վճարելու եք 70 տոկոսը:
-Անգամ ես չգիտեմ, թե քանի տոկոսը պետք է վճարեմ, իրենք արդեն գիտեն, որ 70 տոկո՞սն եմ վճարելու: Ո՞վ է նման տեղեկություններ տարածում, ինձնից կամ հաշվապահից բացի՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան տոկոս կարող ենք վճարել: Ամեն տարվա նման հնարավորինս շատ ենք վճարելու, այնքան, ինչքան որ կա 13-րդ աշխատավարձը: Չեմ հասկանում, ա՛յ մարդ, էլ բան ու գործ չունե՞ն:
-Բուհի դասախոսների խոսքով՝ որոշել եք 13-րդ աշխատավարձն ըստ հայեցողության վճարել, քանի որ ամեն ինչ Ձեր ձեռքում է:
-Բոլորն էլ կստանան: Նրանք, ովքեր միշտ ստացել են, այս տարի էլ կստանան:
-Մեր տեղեկություններով՝ Դուք վերջերս ժողով եք հրավիրել եւ ասել, թե 2014թ. աշխատավարձը բարձրացնելու եք, սակայն հիմա հետ եք կանգնել Ձեր որոշումից: Ու քանի որ հունվարից կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձերից նոր պահումներ են արվելու, դասախոսները մտահոգված են, որ իրենց առանց այդ էլ չնչին աշխատավարձը էլ ավելի կնվազի:
-Ես ուղղակի ասել եմ, որ հենց ամենափոքր հնարավորությունը լինի, կբարձրացնենք, բայց չեմ ասել՝ անպայման, ու դա կուտակային կենսաթոշակների հետ բացարձակ կապ չունի:
-Բայց խնդիրն այն է, որ խոստացել եք, ու մարդիկ իրենց խաբված են զգում: Անգամ պատրաստվում են բողոքի ակցիա անել:
-Ինչ ուզում են, թող անեն, ես իրենց ասել եմ՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Մեզ մոտ աշխատավարձի բարձրացումը կապված է ուղղակիորեն վարձավճարների, ուրիշ ոչ մի բանի հետ:
-Իսկ չե՞ք կարծում, որ դա կարող է վատ անդրադառնալ բուհի հեղինակության վրա, առավել եւս, որ վերջին շրջանում ԵՊՀ-ում հաճախակիացել են սկանդալային դեպքերը, մասնավորապես հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարների յուրացման դեպքը: Տեղյա՞կ եք, թե գործն ինչ փուլում է:
-Քննությունը շարունակվում է, քննիչներն աշխատում են, երբ ամեն ինչ ավարտվի, գործը կգնա դատարան, եւ վերջնական որոշում կընդունվի: Գործը վարույթի մեջ է, ու ես տեղեկություն չունեմ, թե ինչ մակարդակում է գտնվում:
-Ինչո՞ւ չեք հետաքրքրվում:
-Ինձ իրավունք չեմ վերապահում խառնվել, դա իմ գործը չէ: Իմ գործը համալսարան ղեկավարելն է:
-Իսկ որպես ռեկտոր՝ Ձեզ ոստիկանություն հրավիրե՞լ են:
-Ինչո՞ւ պետք է կանչեին, ինչ եղել է, ես համալսարանում բացատրությունը տվել եմ, ու ամեն ինչ վերջացել-գնացել է: Մեր հաշվապահությունում ստուգողներն այս օրերին իրենց ստուգումները շարունակում են: Սա շատ ծանր գործ է:
-«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, բացի երկու հաշվապահներից, այլ մարդկանց նկատմամբ եւս առաջիկայում քրեական գործ կհարուցվի:
-Չեմ կարող ասել, դա դատարանը կորոշի:
-Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Դուք պատրաստվում եք հեռացնել բուհի գլխավոր հաշվապահին, քանի որ նրան նույնպես մեղավոր եք համարում կատարվածի մեջ:
-Գիտեք ինչ, այդ էժանագին տեղեկություններին… Դա իմ գործը չէ, դատարանն ինչպես կորոշի, ըստ այդ որոշման էլ կվարվենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս