Վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Անասնաբուժության մասին», «Կերի մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը եւ ասաց, որ դրանք կառավարության կողմից մշակվել են` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը:
Սակայն այս նախագծային փաթեթի որոշ դրույթներ ԱԺ պատգամավորների մոտ ծիծաղ առաջացրեցին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն օրինագծերի փաթեթից մի քանի զավեշտալի դրույթներ մեջբերեց. «Հարգելի պատգամավորներ, ուշադիր լսեք` օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիներին առանց ցավազրկման ամորձատում եւ եղունգների հեռացում, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը, պոչերը սեղմելը, եղունգներից, մորթուց բռնած քարշ տալը»:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է այդ ամենը վերահսկվելու եւ ինչպես են բացահայտվելու օրենքի խախտումները : Գյուղնախարարի ներկայացրած պատասխանը, սակայն, էլ ավելի խորացրեց իրավիճակի զավեշտը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է անկախ փորձագետ Դավիթ Պիպոյանի հետ:
-Պարոն Պիպոյան, ՀՀ գյուղնախարարի հեղինակած օրենքում առկա որոշ դրույթներ հարուցեցին Աժ պատգամավորների ծիծաղը: Իֆչպիսի±ն է Ձեր գնահատականը ներկայացված փոփոխություններին:
-Գիտեք, Հայաստանում այս կարեւորագույն ոլորտը դարձավ կամ դարձրին ծիծաղի առարկա, իսկ իրականում վիճակը տրագիկոմիկ է: Արդյունքում, ունենք հանրային անասնաբուժական առողջապահության սոսկալի իրավիճակ եւ ծիծաղելի ոչինչ չկա: Բնական է, որ խնդիրն ունի երկու կողմ. պարզապես չես հասկանում, թե ով ում վրա եւ ինչի համար է ծիծաղում, որովհետեւ գործից չեն հասկանում: Իսկ չհասկանալու պարագայում ամենակարեւոր փաստաթուղթն էլ կարելի է վերածել հումորային սցենարի:
Քանի որ բավականին մեծ աշխատանքային փորձ ունեմ իմ պրակտիկայջց, մի շատ հիշարժան դեպք պատմեմ. գործընկերս հենց տրամադրություն չի ունենում ինձ զանգում է, թե մի հատ էն թարգմանությունը կարդա տրամադրությունս բացվի: Ես մի շատ լուրջ եւ կարեւոր ծրագրի վրա էի աշխատում, որը, բնական է, ՀՀ-ում իրականություն չդարձավ:
Լավ ծրագրերը Հայաստանում սառույցին են գրվում, իսկ ամռանն էլ շոգ է: Քանի որ օրը տասնվեց ժամ էի այդտեղ աշխատում՝ չէի հասցնում, այս պատճառով էլ խնդրեցի, որ օգնական բերեն, ով կօգնի թարգմանել: Առաջարկեցին թարգմանիչ, ես էլ ասացի՝ ախր թարգմանիչը մասնագետ չէ, նրա թարգմանածը խմբագրելն ավելի դժվար է: Պահանջեցին չխմբագրել:
Տվեցի շահագործված ցուլերի եւ հոտի վերանորոգման երինջների մասը, եւ ինչպես պայմանավորվել էի` առանց խմբագրելու ուղարկեցի: Ու շեֆս զանգեց՝ այ տղա, էս ինչ հումորային սցենար է, ասի՝ չեմ կարդացել: Բայց դե չեմ կարդացելը որն է, ամբողջ գիշեր ծիծաղել էինք, մտածեցի՝ իրեն համար էլ բարձր տրամադրություն ապահովեմ: Փաստորեն՝ մեր խելոքը թարգմանել էր «գուգլով» ու վերնագրել ավարտված եզների եւ շրջապտույտ կովերի շրջանառությունը:
-Արդյոք անհրաժեշտութուն կա՞ վերը ներկայացված պահանջներն օրենքով ամրագրել:
-Հիմա այսքան երկար նախաբան ինչու տվեցի: Կա երկու խնդիր. առաջինը, որ պետք է ունենալ կենդանիների բարեկեցության կանոն: Եթե որեւէ մեկը սրան կողմ չէ, դա արդեն իր ուղեղի խնդիրն է, որովհետեւ կենդանիների բարօրության կանոնները եւ կենդանիների իրավունքի պաշտպանությունը դրանք տարբեր բաներ են: Իսկ բարորակ սննդամթերք կարելի է ստանալ բացառապես կենդանիների խնամքի եւ պահվածքի պատշաճ պայմանների ապահովման դեպքում:
Քանի որ ՀՀ-ում մասնագիտական տերմինաբանություն եւ պատշաճ անասնաբուժական պրակտիկա բառն անգամ ոլորտի որոշ ներկայացուցիչների մոտ կարող է ծիծաղ առաջացնել՝ դա նորմալ է, որովհետեւ խեղկատակը մատի վրա էլ է ծիծաղում:
-Կարո՞ղ եք ասել, նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը, թե ինչպե՞ս պետք է բացահայտվեն կենդանիների իրավունքների ոտնահարման դեպքերը եւ ինչպե±ս պետք է կանխարգելվեն դրանք:
-Երբ ես ՀՀ-ում առաջարկում էի անաբոլիկների եւ խթանիչների վերահսկողություն, ոլորտի պատասխանատուներից ոմանք էդ բառը չէին լսել: Գիշերը նստեցի թարգմանեցի, ուղարկեցի իրենց: Էլի անաբոլիկ բառի վրա մի լավ ուրախացան: Մինչդեռ եվրոպական երկրներում նորմալ սպառողը գիտի, թե ինչ է աճի խթանիչ:
Հիմա՝ կանոններ ունենալը պարտադիր է: Նախագծի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ մշակողներից եւ ոչ ոք պատշաճ անասնաբուժական պրակտիկայի կանոններին չի տիրապետում: Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ իտալացիները լավ խոսք ունեն՝ լաշամո պեռդեռե, որն էլ բառացի նշանակում է՝ թողեք մոռանամ, իսկ իմաստային՝ չէ: Ամենավերջում էլ ավելացնեմ, որ ազգային անվտանգությունը միայն սահմանը չէ:
-Հայաստանում հիմնականում ավելի շատ դրական փաղաքշական վերաբերմունք կա ընտանի կենդանիների հանդեպ, քան վայրի: Հիմա այս օրենքի ընդունումն ինչքանո՞վ կնպաստի այս իրավիճակի լուծմանը, այսինքն՝ որ մարդը, բացի իր ընտանի կենդանուց հոգատար վերաբերմունք ունենա նաեւ փողոցում թափառող շան կամ, օրինակ, անտառի նապաստակի նկատմամբ:
-Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք կենդանի պահելու մշակույթ չունեցող երկիր ենք: Հայաստանում կենդանիներին պահում են կեղտոտ գոմում, չեն օդափոխում, խփում են, կեղտոտ կրծքով` առանց այն լվանալու կենդանուն կթում են: Լիազոր մարմնում մի ստվար զանգված՝ մասնավորապես ադմինիստրատիվ ապարատում, ով քաղաքականություն է մշակում՝ մատը վարունգից չի տարբերում: Նախորդ տարի նրանք ինձ համոզում էին, որ սողունը կաթնատու է: Պարզապես իմ լացն է գալիս:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ