Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ, ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի հարազատները օրերս դիմել են Վճռաբեկ դատարան` բեկանելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը` անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ անչափահաս Ն.Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու հետևանքով Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Որոշումը բողոքարկվել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ որոշումն անփոփոխ էր թողնվել:
Ազմանյանի քույրը` Էլմիրան, Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ եթե Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չընդունի, ինքը վախենում է պատկերացնել, թե ինչ քայլեր կձեռնարկեն եզդիները:
«Այս պահին աղջիկը մեզ մոտ չի մնում: Գնում-գալիս է: Հիմնականում ծնողների մոտ է լինում: Նրա մոր վիճակն է կտրուկ վատացել. ապրումների հետևանքով ներվային համակարգը խախտվել է, ու սկսել է դժվար քայլել: Էդիկի վիճակն էլ օր օրի վատանում է, չի կարողանում հասկանալ` ինչ է կատարվում»,- ասաց եզդու քույրը` հավելելով, որ դատախազությունից իրենց հստակ պատասխան չեն տալիս, միայն հայտարարում են, թե քննություն է ընթանում:
«Թե ուր է հասել քննությունը, ինչ ընթացք է ստանում, այդպես էլ չեն բացատրում: Իսկ մեր նախագահ Թամոյանի հետ ընդհանրապես հույսեր չենք կապում. երբ զանգում ենք, ասում է` լավ չեմ զգում ինձ, հիվանդ եմ»,- շարունակելով խոսքը` նշեց Էլմիրա Ազմանյանը:
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Էդիկ Ազմանյանը Աբովյան քաղաքում փախցրել է 16-ամյա Ն.Ա.-ին, ինչի արդյունքում հայտնվել է ամբաստանյալի աթոռին և դատպարտվել 4 տարվա ազատազրկման` ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով (անչափահասին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առևանգելը):
Իսկ բողոքի մեծ ալիք բարձրացրած եղդիներն առայսօր որևէ արդյունքի չեն հասել: