Բաց նամակ` Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բաց նամակ է հղել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո´ վարչապետ,

նախ թույլ տվեք Ձեզ շնորհավորել նոր և պատասխանատու պաշտոնում ու հետագա աշխատանքում՝ ցանկանալով հաջողություն ու ձեռքբերումներ:

Իսկ հիմա՝ ըստ էության:

Սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին, նախագահության անդամներից բացի, մասնանկցում էին նաև ՀՀ տարբեր մարզերից եկած եզդի հեղինակավոր և այլ մտահոգ անձինք:

Ի՞նչն է մեզ ստիպել հավաքվելու և դիմելու Ձեզ.

Դեռևս 1988 թվականին Հայաստանի եզդի համայնքը պահանջ դրեց ժամանակի իշխանություների առաջ. մեզ ճանաչելու այն անուններով, որոնցով մենք մեզ ճանաչել ենք հազարավոր տարիներ. ազգությունս` եզդի, լեզուս` եզդիերեն, կրոնս` Շարֆադին: Մեր պայքարի առաջին փուլի արդյունքներն արտահայտվեցին նախկին ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մադահամարի և ՀՀ 2001 և 2011 թվականների մարդահամարների արդյունքներում. մենք ճանաչվեցին առանձին ազգություն, առանձին լեզվով ու առանձին կրոնով, ինչն իրականության հաղթանական է:

Այս ամենի արդյուքն է նաև, որ 1990 թվականից Հայաստանի հանրային ռադիոյից տրվում են  ամենօրյա 30-րոպեանոց ռադիոհաղորդումներ, 2015 թվականին ավարտեցինք 12-ր դասարանի «Եզդիերեն լեզու և գրականություն»դասագրքի հրատարակումը: 2005 թվականին լույս տեսավ 1-ին դասարանի դասագիրքը («Այբբենարանը՚): Ունենք այլ ազգապահապանման հնրավորություններ, օրինակ, հասարակական և մշակութային կազմկարպություններ:

Այս ամենից բացի, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում, միշտ կանգնած ենք եղել հայ եղբայր ժողովրդի կողքը: 1990 ական թվականներին եզդի համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ կազմավորվեց շտաբ, որն իր մասնաճյուղերն ուներ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում և Կոտայքի մարզի Զովունի համայնքում: Նույն Ա. Թամոյանի գլխավորությամբ ու հրամանատարությամբ 500 եզդի կամավորական մեկնեց ռազմի դաշտ՝ տալով մոտ չորս տասնյակ զոհ ու անհայտ կորած: Հավաքվեց 6 միլիոն ռուբլի, որն ուղղվեց բանակի կարիքներին: Եզդի համայնքն անմասն չմնաց նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ տալով հինգ զոհ:

unnamed

Մենք, իհարկե, շնորհակակալ ենք հայ ժողովրդին, որ մեզ համար ստեղծվել են ազգապահպանման  եզակի հնարավորություններ: Սակայն կան խնդիրներ, որոնք վտանգում են մեր հետագա գոյությունը Հայաստանի Հանրապետությունում:  Այսպես, ՀՀ 2001 և 2011 թթ. մարդահամարների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի: Միաժամանակ պետք է ասել, որ քրդական բանվորական կուսակցությունը իր օղակներն է ստեղծել ՀՀ Արագածոտնի մարզում:

ՔԲԿ-ն ՀՀ Արագածոտն մարզի Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ: Այն եզդիների շրջանում տարածում է իր գաղափարները և ՀՀ Արագածոտնի մարզը համարել քրդական տարածք, գծելով քարտեզներ: Կարիքը լինելու դեպքում Ձեզ կներկայացնենք այն քարտեզը, ուր ՀՀ ներկա տարածքի մի զգալի մասը քրդերի ու ՔԲԿ-ի կողմից համարվում է քրդական ազդեցության տակ:

Հատկապես Շանգալի դեպքերից հետո, երբ մեր փոքրաթիվ ժողովրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են ՀՀ-ում էլ, կեղծելով իրականությունը, քրդացնել եզդիներին: Օրինակ, «Զագրոս»քրդական թերթի 2016 թվականի 8 համարում կարդում ենք, որ լույս են տեսել 10-12-րդ դասարանների դասագրքերը: Թե դրանք ու՞մ համար են հրատրակվում և ին՞չ որակով, մեզ համար  անհայտ է մնում: ՀՀ-ում թե ի՞նչ քրդերի և ի՞նչ քուրդ դպրոցականների մասին է խոսքը, մենք չենք հասկանում: Ավելին, «Զագրոս»թերթը գրում է նաև քրդական և քրդաբնակ գյուղերի մասին:

Ասացեք, խնդրում ենք, Հայաստանում քրդաբնակ գյուղեր կա՞ն:

Վերոհիշյալ 10-12-րդ դասրանների դասագրքերի վրա գրված է որ, դրանք կուրմանջի լեզվով են: Խնդրում եմ նայեք ՀՀ բոլոր մարդահամարների արդյունքները, կուրմանջի լեզու կա՞: Իհարկե, չկա: Կա «քրդերեն»: եվ հիմա, անտեսելով ՀՀ վիճակագրական պաշտոնական տվյալները, նոր «լեզու»են ստեղծում և թյուրիմացության մեջ գցելով եզդի ժողովրդի մի փոքր հատվածին, ցանկանում են «քրդացնել»:

Նախկին վարչապետի ժամանակ էլ բարձրացրել ենք այս հարցերը, սակայն, կարծես անտեսվել են մեր դիմում-խնդրանքները: Օրինակ, նախկին վարչապետին գրված գրության հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզպետ Գոզալյանի աշխատասենյակում 2016 թվականի օգոստոսի 4-ին  մեր և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ռյա Թազա, Սիփան, Ավշեն, Ճարճակիս և Ջամուշվան համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում, ուր վերոհիշյալ գյուղերի ղեկավարներն ու դպրոցների տնօրենները հայտարարեցին, որ իրենք ազգությամբ եզդի են:

Ինչի մասին մարզպետ Գյոզալյանը մեզ ուղարկված գրավոր պատասխանում հաստատում է, որ վերոհիշյալ գյուղերի ղեկավարները հայտարարել են, որ եզդի են: Դե, եթե եզդի են, ին՞չ է նշանակում, որ եզդիաբնակ գյուղերում անցկացնել «քրդերեն» դասաժամեր: Դա էլ այն դեպքում, որ եզդիաբնակ գյուղերում 10-ական ժամ տալիս են «քրդերենի»ուսուցիչներին, իսկ 4-ական ժամ՝ եզդիերենի ուսուցիչներին:

Նաև ասենք, վերոհիշյալ 10-12-րդ դասարանների «կուրմանջի» դասագրքերը տպագրվել են 400-ական տպաքանակով: Այն դեպքում, երբ մեր հավաստի տվյալներով վերոհիշյալ 6 գյուղերում կան այդ դասարանների 30 աշակերտ: Նախորդ տարիներին, երբ հրատարակվել են 1-9-րդ դասարանների «կուրմանջի» դասագրքերը, ամբողջությամբ 160 «քուրդ»աշակերտների համար, յուրաքանչյուր դասարանի հաշվով տպագրվել է 700-ական դասագիրք: Իսկ մեր համայնքը, որ մոտ 40 հազար է, դասագրքերի քանակը չի բավարարում: Ուրեմն, «քրդեր» անվան տակ, երբ որ Հայաստանում քուրդ չկա էլ, անտեղի վատնվում են պետության միջոցները: Սա արդարությու՞ն է, սա բնականաբար անարդարություն է:

Մենք հույս ունենք, որ Դուք, որպես սկզբունքային անձնավորություն, հետևողական կլինեք մեր բարձրացրած հարցերին դրական լուծում տալու հարցում և օգտակար կլինեք, որպեսզի եզդիների գոյության ու փրկության կղզյակ համարվող Հայաստանում մեր հետագա գոյությունը վտանգված չի լինի:

Կանխավ շնորհակալություն

Նախագահ՝  Ա. Թամոյան




Լրահոս