ՀՀ-ՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ «ՔՑԵԼ Է» ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ տարի է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության մեկ տասնյակ նախկին աշխատակիցներ պահանջում են իրենց հասանելիք 21 մլն դրամ գումարը: Սակայն ընկերության ղեկավարությունը հրաժարվում է նախկին աշխատակիցներին վճարել 2008-ից մինչեւ 2012-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում արտաժամյա, գիշերային եւ շուրջօրյա աշխատանքի դիմաց:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ պարտք մնացած գումարները կուտակվել են աշխատանքային պայմանագրերի դրույթները խախտելու արդյունքում. քսանչորս ժամի դիմաց ընկերութունը նրանց վճարել է քսաներկու ժամվա գրաֆիկով: «Արտաժամյա 150 տոկոս աշխատաժամերի փոխարեն ՀԿԵ-ն մեզ վճարել է միայն 50 տոկոսի դիմաց: Իսկ գիշերային ծառայության 150 տոկոսի դիմաց վճարվել է միայն 30 տոկոսը: Այս անօրինական իջեցումները հակասել են մեր հիմնական աշխատանքային պայմանագրերի դրույթներին: Նույնիսկ ՀԿԵ-ի իրավաբանները սկզբում ընդունեցին մեր ներկայացրած գումարի պահանջի օրինականությունը եւ առաջարկվեց 26 տոկոս պահումից հետո միայն վճարել այն»,- ներկայացրեց ընկերութան աշխատակից Երվանդ Սալախյանը:
Այս հարցում հիմնական անհամաձայնությունը եղել է այն, որ պահումները չպետք է գերազանցեին 13 տոկոսը: Քաղաքացու խոսքով՝ ՀՀ կառավարութան 2013 թվականի որոշման համաձայն՝ 24-26 տոկոսի սոցպահումները վերաբերում էին 130-150 հազար դրամի հասնող աշխատավարձերին եւ սա ՀԿԵ-ի աշխատակիցներին ամենեւին էլ չէր կարող վերաբերել, քանի որ նախ՝ իրենք աշխատանքից ազատվել էին 2012 թվականին, բացի այդ` դժգոհող աշխատակիցների աշխատավարձերը չեն գերազանցել 70-80 հազար դրամը: «Մեր այս հիմնավորումներին ՀԿԵ-ն, իհարկե, ոչինչ չգտավ պատասխանելու, ինչին հետեւեց ամիսների անորոշ լռությունը»,- լրացրեց Երվանդը:
Աշխատակիցները հիասթափվելով ընկերության նման վերաբերմունքից՝ 2013-ի մայիս ամսին դիմել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Հետաքրքիր մի փաստ. չորս տարի շարունակ 24 ժամ ծառայութան դիմաց 22 ժամի վճարումը պատճառաբանվում էր ընդմիջման հաշվին ոչ աշխատանքային երկու ժամերով: Սա անհեթեթություն էր, քանի որ ծառայողներն իրենց վստահված տարածքն իրավունք չունեն լքել, այն էլ՝ զենքով, ընդմիջման գնալու պատրվակով: Իսկ երբ իրավաբանի միջոցով ներկայացրեցին մեզ չվճարված գումարների հաշվարկները եւ մեր պահանջները ՀԿԵ-ին, երկու ամիս էլ չանցած անվտանգության բոլոր ծառայողների գրաֆիկը վերականգնեցին՝ 22 ժամից 24 ժամի: Կարճ ասած, հետքերը մաքրեցին։ Այն, ինչ չէին անում չորս տարի շարունակ, մեր բանավոր բողոքներից հետո արեցին: ՀԿԵ-ն վաղուց է որդեգրել գումարներ շորթելու նման քաղաքականություն»,- ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ընկերության այս գործելաոճից` նա նաեւ հիշեց, որ ամիսներ առաջ ՀԿԵ-ի Գյումրի քաղաքի աշխատակիցները գործադուլ արեցին. նրանց բարձրացրած հարցերը հիմնականում առնչվում էին աշխատանքային պայմանագրերում կատարված փոփոխությունների հետեւանքով վարձատրության նվազմանը:
Այս հարցով դժգոհող մեկ այլ աշխատակից՝ Խաչատուր Վարդանյանը, ենթադրեց, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին ներկայացվում են աշխատավարձի այլ թվեր, իսկ աշխատակիցներին վճարվում են այլ գումարներ: «Եթե դա ճիշտ է, ապա ստացվում է, որ տնօրենին ստորաբար խաբել են եւ պարոն Ռեբեցը պարտավոր է պատժել սրիկաներին, վերականգնել արդարությունը եւ վճարել աշխատակիցներին չվճարված գումարները: Սակայն մեր հարցում մենք դա արդեն մեկ տարի է, ինչ չենք նկատում: Այն, ինչ ՀԿԵ-ն ի սկզբանե ընդունել էր եւ միայն 26 տոկոսի պահումներն էր խնդիրը, այժմ արդեն լկտիաբար հրաժարվում են վճարել եւ կարողացել են այնպես «դասավորել», որ Առաջին ատյանում եւ ՀՀ վերաքննիչ դատարանում մեր հայցը մերժվել է: Ի դեպ, մեզանից մի քանի ամիս առաջ նույնպիսի մի հայց էր ներկայացվել մեր գործընկեր Արգիշտի Թադեւոսյանի կողմից, ով նույնպես տուժել էր ՀԿԵ-ի գործունեության արդունքում, բայց Առաջին ատյանը բավարարել էր նրա հայցը: Սա հանելո՞ւկ է, թե՞ կոռուպցիա»,-վրդովվեց Խաչատուր Վարդանյանը:
Այժմ ընկերության անվտանգության տասը նախկին աշխատակիցներ սպասում են ՀՀ վճռաբեկ դատարանի պատասխանին եւ եթե այն չբավարարի իրենց, պատրաստ են դիմել պայքարի այլ ձեւերի: Բացի ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին դիմելուց, նրանք պատրաստվում են նաեւ բողոք-նամակ ուղարկել ՌԴ տրանսպորտի նախարարին, որից հետո՝ դիմել Եվրոպական դատարան:
«Եթե ՀԿԵ-ն պատրաստ է նման զարգացումներին, ապա մենք կորցնելու ոչինչ չունենք: Մեզանից արդեն փորձում են գողանալ մեր հասանելիքը: Եվ չպետք է աշխատողներին շփոթել 1700-ականների ճորտերի հետ, պետք չէ խաղալ մեր արժանապատվութան հետ: Այն վայ- խորհրդականներն, ովքեր արջի ծառայություն են մատուցում պարոն Վիկտոր Ռեբեցին, նրանք նախ վարկաբեկում են ռուսական ձեռնարկատիրությունների վարկանիշը: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է ՌԴ-ի նկատմամբ վստահութան վարկանիշն այսքան խաթարվում մեր հանրապետութունում: Եվ մի բարի խորհուրդ պարոն Ռեբեցին. շրջապատեք Ձեզ ազնիվ եւ արժանապատիվ խորհրդականներով, ովքեր, կարծում ենք, քիչ չեն հիմնարկությունում»,-«Ժողովուրդ»-ի միջոցով փոխանցեց ՀԿԵ նախկին աշխատակիցը։
Ի դեպ, առաջիկայում նրանք այս հարցով պատրաստվում են նաեւ մամլո ասուլիս հրավիրել, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց նկատմամբ ՀԿԵ-ի իրականացրած ապօրինությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս