Հայաստանի բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ փոքր ՀԷԿ-երը խնդիրներ են ստեղծում: Այս մասին նախարարությունը նամակով պատասխանել է Համահայակական բնապահպանական ճակատին:
Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն բնապահպանության նախարարությունից, որտեղ մասնավորապես նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական եւ օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը եւ շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ։ Չեն տեղադրվում նաեւ ջրի հոսքը կարգավորող փականներ, ինչի պատճառով չի ապահովվում էկոլոգիական թողքը։… ՀՀ բնապահպանության նախարարությունը, որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ եւ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում.
– հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից եւ կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,
– ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,
– ձեւավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,
– անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո»:
Համահայակական բնապահպանական ճակատը կոչ է անում ՀՀ կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի եւ բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումը արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։