Այսօր կառավարության մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, բացի վարչապետ Հովիկ Աբրահամյանից, հանդիպեց նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
«Երկու ամիսների աշխատանքը եղել է այն, որ «Նաիրիտի» կատարած աշխատանքների և այս վիճակին հասցնելու ուսումնասիրություններ են արվել: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ փաստաթղթերը խառն են և անհասկանալի, դեռ լուծումներ և վերջնական որոշումներ «Նաիրիտի» հարցում չունենք»,- նշեց նա:
Զախարյանը նշեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որ հիմնովին ուսումասիրվեն «Նաիրիտի» խնդիրները. աշխատանքային խմբում է նաև Երվանդ Զախարյանը: Նա ընդգծեց, որ վերջնական ուսումնասիրությունների համար մինչև սեպտեմբեր ժամանակ է պետք:
«Այսօր խոսք տալ, որ աշխատավարձը կվճարենք, ճիշտ չի լինի. նախարարությունը նման միջոցներ այսօր չունի, կառավարությունը հանձնարարել է հանձնաժողովին՝ վերլուծել բոլոր հանգամանքներն ու առաջարկություն ներկայացնել վարչապետին»,- ասաց նա:
Երվանդ Զախարյանը նաև նշեց, որ միշտ չհիմնավորված լուծումներ են տրվել, դրա համար այս վիճակում է գործարանը: