ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երվանդ Զախարյանը՝ իր սխալվելու և դատարանի դռները հասնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Հակակոռունցիոն դատարանում էր։ Վերջինս օրերս սրտի վիրահատության էր ենթարկվել ու այսօր դատարան էր ներկայացել։ Նրան ArmLur.am-ն այսօր մի քանի հարց է ուղղել։

Ըստ քննչական կոմիտեի,  Ե. Զախարյանը, 2003-2009թթ. ընթացքում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակել է ՀՀ հողային օրենսգրքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրեն վստահված պետության՝ առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, նպատակ ունենալով իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանից հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված՝ «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա կառուցված 89.5 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, Ա.Ե.-ի հետ նախապես պայմանավորվել է Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից ակնհայտ հանցավոր ճանապարհով դուրս բերել նշված գույքը և փաստացի ներառել իր, իսկ իրավաբանորեն՝ Ա.Ե.-ի գույքային ֆոնդ՝ գույքի իրական պատկանելիությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով դրա նկատմամբ ձեռքբերվելիք սեփականության իրավունքը ձևականորեն գրանցելով Ա.Ե.-ի անվամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը և որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184․200․000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որն Ա.Ե.-ի կողմից փոխանցվել է Արաբկիր համայնքի նախկին թաղապետին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Ե.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս