Արևմուտք – ԵՏՄ անլուծելի դիլեմայի մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա, թե ԵՏՄ դիլեմայի շուրջ  այս տևական քննարկումներում այդպես էլ, ըստ էության, լիարժեք կերպով չվերլուծվեց և չներկայացվեց, թե ինչի հիման վրա է  կառուցված  իշխանական քարոզչության  առաջ քաշած թեզը, թե Ռուսաստանը մեր անփոխարինելի դաշնակիցն է, իսկ Արևմուտքը` ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի` մեր   ոչ հեռանկարային գործընկերը: Եթե փորձենք  վերանալ  ֆորմալ իրողություններից և քննել իրական գործընթացները, ապա կտեսնենք, որ  ներկայիս քաղաքական իրականությունը  զգալիորեն տարբերվում է դաշնակցային հարաբերությունների մասին թմբկահարվող շտամպային  հայտարարություններից:

Չնայած այն հանգամանքին, որ մենք ռուսների հետ ունենք  փոխգործակցության պայմանագիր, որով նրանք պարտավորվում են  ապահովել մեր երկրի սահմանների պաշտպանությունը, ՌԴ իշխանությունները շարունակում են ինտենսիվորեն զինել մեր թշնամի երկրին` այդպիսով անուղղակիորեն  նպաստելով  պատերազմական գործողությունների վերսկսմանը: Մինչդեռ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները  ոչ միայն Ադրբեջանին զենք չեն վաճառում,  այլև ամեն տարի դրամական ուղղակի աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին:

Մեզ համար հաջորդ  կարևորագույն հարցի` Ցեղասպանության ճանաչման հետ կապված, Եվրոպական բազմաթիվ երկրներ ոչ միայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այլև  մի քանիսն անգամ վավերացրել են  դրա ժխտումը քրեականացնող օրենքը: Իսկ այն երկրներում, որտեղ ցեղասպանությունը ճանաչված չէ, կամ դրա ժխտումը քրեականացնող օրենքը դեռ ընդունված չէ, այդ հարցը պարբերաբար հայտնվում է  քաղաքական օրակարգում, և որ ամենակարևորն է` Արևմուտքը մշտապես  ցեղասպանության ճանաչման հարցն առաջ է քաշում Թուրքիայի հետ  իր հարաբերություններում;

Մինչդեռ դաշնակից Ռուսաստանն ու նրա  եվրատնտեսական արբանյակները` Ղազախստանն ու Բելառուսը, ոչ միայն  հեռու են Հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող օրենքի մասին մտածելուց անգամ, այլև այդ հարցով Թուրքիայի վրա թեկուզ սիմվոլիկ ճնշում բանեցնելուց:

Նույն պատկերն է նաև հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, երբ թեկուզ ոչ արդյունավետ, սակայն այդուհանդերձ` որոշակի ճնշումներ, եթե բանեցվում էլ   են Թուրքիայի վարչակազմի վրա, ապա բացառապես Արևմուտքի կողմից: Մինչդեռ դրան ի հակառակ` Ռուսաստանը բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրեր է իրականացնում Թուրքիայում և այդ երկրի ղեկավարության հետ բանակցություններում որևէ անգամ առաջ չի տանում իր ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանի շահերը: Դե իսկ Ղազախստանի կամ Բելառուսի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է` հաշվի առնելով նրանց բյուրեղյա երազանքը` Թուրքիային ԵՏՄ խցկելու շուրջ:




Լրահոս