Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է 4,1%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2014 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Նշվեց, որ 2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։ Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 4,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմամբ: Դրա հետ մեկտեղ, նվազել են սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հայտնաբերման դեպքերն աճել են 15,4%-ով: Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2014 թ. առաջին կիսամյակում առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 699 միավոր հրազեն (2013 թ. 6 ամսում՝ 517):

Որպես դրական միտում նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում 31,7%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (293-200), 15,1%-ով՝ անչափահասների կողմից, եւ 51,3%-ով` նրանց մասնակցությամբ խմբերում կատարված հանցագործությունների թիվը: 2013 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, զենքի գործադրմամբ

կատարված խուլիգանության, պետական եւ անձնական գույքի գողության, յուրացման կամ վատնման, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով: Հաշվետու ժամանակահատվածում որոշակիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 218-ով: ՀՀ ոստիկանության ղեկավարության հետեւողական մոտեցման արդյունքում ավելի քան երկու անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (2013 թ.՝ 105, 2014 թ.՝228):

2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 256 հանցագործության դեպք, ընդ որում նշված հանցագործությունների 50,0%-ն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: Հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 9 դեպք, որից 7-ը` կանանց պոռնկության շահագործման, 1-ը` անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու եւ 1-ը` աշխատանքային թրաֆիքինգի: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2014 թ. զեկույցում ՀՀ-ն երկրորդ տարին անընդմեջ պահպանում է իր դիրքը երկրների դասակարգման առաջին խմբում` համարվելով թրաֆիքինգի դեմ ամենաարդյունավետ պայքար ծավալող երկրներից մեկը աշխարհում:

Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրներից ՀՀ-ն միակն է, որը ներառված է երկրների գնահատման ամենաբարձր այս խմբում: Հաշվետու շրջանում, քննությունից եւ դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքների շրջանակում, ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 904 հետախուզվող:

Ճանապարհային ոստիկանության կողմից 2014 թվականին զգալի կազմակերպչական եւ կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ: 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետության տարածքում շահագործվել է 153 լուսանկարահանող արագաչափ սարք, որից 74-ը` Երեւան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երեւան քաղաքի թվով 80 խաչմերուկի երթեւեկությունը: Հանրապետության տարածքում արձանագրվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհերի թիվը նվազել է 10-ով:

Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարեւորում է նաեւ յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի է ենթարկվել 367 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 22 քրեական գործ, 1 անձ դատապարտվել է:

Անդրադառնալով 2014 թ. առաջին կիսամյակում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց իր սկզբունքային մոտեցումն այդ աշխատանքի կազմակերպմանը:

Ոստիկանության մարզային վարչությունների եւ տարածքային ստորաբաժանումների կիսամյա աշխատանքի արդյունքները ներկայացրին ոստիկանության պետի տեղակալներ Արթուր Օսիկյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը եւ շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:

Բարձրացված հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խիստ գնահատական տվեց մի շարք բաժինների աշխատանքին եւ պահանջեց յուրաքանչյուր թերացման համար կիրառել անձնական պատասխանատվության սկզբունքը:

Ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ աշխատանքային եւ կատարողական կարգապահությանը, որը մի շարք ստորաբաժանումներում դեռեւս հեռու է պահանջված մակարդակից: Վլադիմիր Գասպարյանը կրկին կարեւորեց համակարգն արատավոր երեւույթներից վերջնականապես ազատելու, ոստիկանության ծառայողի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, իրավապահի պարտքն անվերապահորեն կատարելու, սպայի արժանապատվությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության գործունեության սկզբունքների եւ երկրորդ կիսամյակի կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:




Լրահոս