Armenian text to speach

Ովքե՞ր կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարզեց, որ «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նախագծով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ժամկետով։ Խոսքը առաջին փուլում 70 տեղերի մասին է, որոնց թիվը հետագայում կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։

Նախագծի համաձայն՝ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած և ՆԳՆ համակարգում՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոններում նշանակված անձանց նույնպես կտրվի տարկետում՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը։

Միաժամանակ առաջարկվում է սահմանել, որ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե սահմանված կարգով ծառայության անցնեն ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոններում և օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով ծառայեն այդ համակարգում։ Այդ ժամկետը նախատեսվում է մինչև 10 տարի, սակայն ոչ ավելի, քան մինչև անձի 35 տարին լրանալը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ այն երիտասարդներին, որոնք իրենց ապագան ցանկանում են կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ։

Նախատեսվում է, որ միջին մասնագիտական կրթական ծրագիրը կտևի 1 տարի 6 ամիս։ Այն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով։ Միջին խմբում 5 տարի ծառայելուց հետո հնարավորություն է նախատեսվում անցնելու ավագ խմբի պաշտոնների, իսկ ավագ խմբում 3 տարի ծառայելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով, գլխավոր խմբի պաշտոնների։

Նախագծով նախատեսվում է նաև, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից տվյալ անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան Կառավարության սահմանած չափով հավելավճարի իրավունք։

Ըստ հիմնավորման՝ պետական բյուջեից մեկ սովորողի համար 1 տարի 6 ամիս տևողությամբ կրթության համար անհրաժեշտ կլինի մոտ 4 մլն 333 հազար 320 դրամ։ Այդ գումարից 1 մլն 710 հազար դրամը նախատեսվում է որպես ուսումնառության ամբողջ ընթացքում ամսական 95 հազար դրամ վարձատրություն, իսկ 2 մլն 623 հազար 320 դրամը՝ կրթական ծրագրի իրականացման այլ ծախսերի համար։

Նախագիծը e-draft-ում հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 18-ին և քննարկման ժամկետը սահմանված է մինչև հոկտեմբերի 3-ը։

Անի Վարդանյան




Լրահոս