«ՏԵՂԻՑ ՎԵՐ ԿԱՑՈՂԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս գրականության գծով պետական մրցանակի հանձնաժողովը որոշում է կայացրել այս տարվա պետական մրցանակը հանձնել ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Է» կոչվող գրքին:

Որոշումը միաձայն չի կայացվել. հանձնաժողովի մի քանի անդամներ դեմ են եղել, սակայն ձայների մեծամասնությամբ հաղթել է Միլիտոնյանը։ Արդյունքում` պետական մրցանակի հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը դիմում են գրել գրողների միությունից դուրս գալու համար։
Իսկ Գուրգեն Խանջյանը դիմում է գրել ԳՄ նախագահությունից դուրս գալու մասին, որոշել է սառեցնել անդամակցությունը գրողների միությանը եւ իր քայլը լրատվամիջոցներից մեկում այսպես է ներկայացրել. «Հույսեր ունեի, որ պիտի փոխվի գրողների միությունը, վերջապես մի առողջ բան մտնի, բայց հենց առաջին քայլով գրողների միության նախագահը պետական մրցանակն է վերցնում, փաստորեն զավթում. շատ տգեղ երեւույթ։ Ես գիտեմ, թե դա ոնց է արվում՝ իր կամակատարներին հանձնաժողովներում դնելով, հին պատմություն է, ամեն տարի դասավորում են իրենց «էլիտար» խմբին։ Մեկը տալիս է մյուսին, հետո այն մյուսը գնում է մեկ այլ հանձնաժողով, տալիս է այս մեկին, իսկ գրականության հերն էլ անիծած։ Պետությունը փող է տալիս, որ գրականությանն այդ մրցանակը տան, իսկ իրենց թվում է, թե դա իրենց համար է, դնում են իրենց գրպանը, ինչ գրականություն, ինչ բան…»։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, սակայն, միանգամայն արդարացված է համարում իր գրքի ներկայացումը գրականության գծով պետական մրցանակին. «Պետական մրցանակի հանձնաժողովը ո՛չ ես եմ ձեւավորում, ո՛չ էլ ՀԳՄ-ի հետ կապ ունի, այն ձեւավորվել է նախագահականում, հայտնի անդամներ են, բացի մեկից, որը ոչ մեկը չգիտի, թե ով է եւ ինչ արժանիքների համար է ընդգրկվել»:
Վերոնշյալ զարգացումների վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր դիրքորոշումը ներկայացրեց Երեւանի գրողների միության նախագահ, գրաքննադատ Աբգար Ափինյանը:
-Ես այդ գիրքը չեմ կարդացել, կարծիք հայտնել չեմ կարող, բայց բոլոր նյութերին, խնդրին ծանոթ եմ։ Խնդիրը, ըստ իս, զուտ մրցանակաբաշխության կազմակերպման մեջ է։ Հավանաբար դրա անցկացման արարողակարգային հարցերից լավատեղյակ չեն, եթե այդպիսի աղմուկ է բարձրացել։
-Ասում են՝ մոտ 50 գործ է ներկայացվել մրցանակաբաշխությանը, պետական մրցանակի արժանի այդքան գործ կա՞ մեզ մոտ։
-Հիմա չափանիշների խախտման ժամանակներ են. տեղից վեր կացողը հավակնում է մրցանակի։ Եվ շատ լուրջ աշխատանք պիտի կատարել, որ գրական ասպարեզը մաքրվի։
-Լինելով ՀԳՄ նախագահ, նաեւ գրահրատարակչության տնօրեն՝ Էդ. Միլիտոնյանը կրկնակի լծակներ ուներ, որոնցից էլ, պարզվում է, օգտվել է։ Ոմանք ասում են, որ նա համագումարի ժամանակ խոստացել է հետ վերցնել հայտը…
-Դա բոլորովին չի խանգարում, որ իր գիրքը ներկայացներ մրցանակաբաշխության, եւ նա ճիշտ է արել, որ չի հանել։ Խնդիրը միայն այն է, որ հանձնաժողովը պիտի մասնագետներից բաղկացած լիներ եւ ճիշտ կառավարեր այդ գործընթացը։ Մենք մրցույթ կազմակերպելու վերաբերյալ մեկ տարի առաջ մշակույթի նախարարություն ենք ներկայացրել նոր ընթացակարգ, սակայն, ցավոք, մեր առաջարկները ոչ թե չեն ընդունվել, այլ չեն էլ ընկալվել։ Եվ սա շատ ցավալի է։ Կարծում եմ՝ այս մասին նախագահի աշխատակազմը շատ լրջորեն պիտի մտածի. չի կարելի ամեն ինչ սխալ անել։
-Ի դեպ, հանձնաժողովի անդամ Ավիկ Իսահակյանն ո՞ւմ խնամին է…
-Խնամի լինել-չլինելու հարցերին չպիտի անդրադառնալ. դա էական չէ, կարեւորն այն է, որ գիրքը պետք է գեղարվեստական առումով արժանի լինի մրցանակին։

 

 

«ԵՍ ՏԻՊԻԿ ՍԱՐՏՐԻՍՏ ԵՄ»

Իսկ գրող Վահրամ Թաթիկյանը պետական մրցանակների եւ կոչումների վերաբերյալ ունի հետեւյալ դիրքորոշումը. «Ես այս մասով տիպիկ սարտրիստ եմ։ Պոլ Սարտրը ժամանակին հրաժարվեց Նոբելյան մրցանակից եւ նամակով բացատրեց պատճառը։ Ես դեմ եմ այդ մրցանակներին, մանավանդ եթե հաշվի առնենք, թե ովքեր եւ ինչ սկզբունքով են այդ մրցանակային հանձնաժողովները գլխավորում. առավել մորթապաշտները, իրենց մեջ գցողները, կոմպրոմիսներ անելու միջոցով զանազան միությունների նախագահ դարձողները»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս