ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹԱՏՐՈՆ ՏԵՍՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Համազգային թատրոնի կառուցման շուրջ ամիսներ տեւած բուռն քննարկումներին ու Երեւանի քաղաքապետարանի կողմից համապատասխան տարածքի հատկացմանը, թատրոնը դեռեւս շարունակում է գործել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հարկի ներքո։ Ո՞րն է պատճառը։ Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, խնդիրը զուտ ֆինանսական է:

-Մեր վերջին զրույցից հետո, որից արդեն մի քանի ամիս է անցել, ցավոք սրտի, դեռեւս ոչինչ չի փոխվել։ Կոնկրետ հիմա ճարտարապետահատակագծային առաջադրանքը կա, որից հետո անհրաժեշտ է վճարել ճարտարապետական խմբին, բայց մեր հիմնադրամը դեռ այդ գումարը չունի։ Մենք հույս ունենք, որ ֆինանսական հարցն առաջիկայում կլուծվի, որովհետեւ ամեն ինչ դրանից է կախված։ Երբ դա լուծվեց, աշխատանքները կսկսենք։
-Այսինքն՝ տարածքի, հարակից բնակիչների հետ կապված խնդիր չկա՞, ինչպես վերջերս սովորաբար լինում է։
-Այնտեղի բնակիչները, հակառակը, կողմ են, ուզում են, որ թատրոնի շենքը կառուցվի։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բառացիորեն մեջբերում անեմ բնակիչներից մեկի խոսքից, որը նա ասաց հանրային քննարկման ժամանակ. «Ես ուզում եմ, որ իմ թոռնիկներն այստեղ ոչ թե հայհոյանք ու կռիվ լսեն, այլ իջնեն, թատրոն տեսնեն»։ Այսինքն՝ բնակիչները միանշանակորեն կողմ են, ավելին, ուրախ են։
-Որքան հիշում եմ, հոկտեմբերին մեկնել էիք հյուրախաղերի, եւ հիմա տնվորի կարգավիճակով ի՞նչ նոր ներկայացումներ եք բեմադրել։
-Հոկտեմբերի 12-24-ը հյուրախաղերի էինք մեկնել ԱՄՆ, որոնք վաղուց պլանավորած էին եւ շատ լավ անցան։ Հիմա ապրում ենք մեր առօրյա կյանքով, այսինքն՝ հիմնականում մեր ներկայացումներով, պրեմիերաներով։ Այս տարի բեմադրեցինք Չեխովի «Քեռի Վանյան», հիմա պատրաստում ենք Շեքսպիրի «Համլետ»-ը: Եվս մեկ գործ կա, որից հետո, հավանաբար, կատակերգություն կբեմադրենք։
-Առանց Սոս Սարգսյանի` Ձեզ ինչպե՞ս եք զգում, դժվա՞ր չէ։
-Իհարկե դժվար է։ Ինչպես յուրաքանչյուր հայ մարդը կզգար նման կորստից հետո, այնպես էլ մենք ենք մեզ զգում։ Եվ կարծում եմ, որ թատրոնի մարդիկ դեռեւս չեն կարողանում մարսել այդ կորուստը։ Դա մեզ համար պարզապես կորուստ չէ, դա անփոխարինելի կորուստ է. Սոս Սարգսյանը մեզ համար անփոխարինելի էր։
-Թատրոնի անունը չի՞ փոխվելու, չի՞ դառնալու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն։
-Իհարկե կփոխվի, եւ կարծում եմ՝ դա կլինի հենց տարեսկզբին։
-Մոտենում է Ամանորը, երեխաների համար ներկայացում պատրաստե՞լ եք։
-Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի մանկական ներկայացումները լինեն ավելի շատ ուսումնադաստիարակչական։ Այս տարի էլ բեմադրվելու է «Ամենալավ տունը», որը հենց այդ նպատակն է հետապնդում. ե՛ւ հեքիաթային մասը կպահպանվի, ե՛ւ երեխաներին կուսուցանվի՝ ինչ է նշանակում հայրենիք, ինչ է նշանակում հող, որտեղ պետք է մարդ իրեն փնտրի, որտեղ պետք է գտնի։
-Թատերական գործիչների միության համագումարի ընթացքում խոսվեց մի շատ ցավոտ խնդրի՝ տոմսերը դպրոցում իրացնելու՝ ԿԳ նախարարության արգելքի մասին։ Այդ հարցը լուծում ստանալո՞ւ է։
-Մեզ պարզապես թույլ չեն տալիս դպրոցների հետ համագործակցել, որը շատ ցավալի թեմա է։ Թեպետ թատերական գործիչների միության նախագահը, էլի մի քանի հոգի հանդիպել են ԿԳ նախարարի հետ, նրանց ինչ-որ խոստումներ են տրվել, բայց դեռ այդ հարցի լուծումը, լուծման հիմքը պարզ չի, անհասկանալի է մեզ։ Չգիտես ինչու, ոմանց թվում է, թե թատրոնը միլիարդներ է աշխատում։ Բայց ընդամենը երկրորդ-երրորդ դասարանի մաթեմատիկական հաշվարկով էլ կհամոզվեն, որ եթե մանկական ներկայացման տոմսն արժե 500-700 դրամ, եւ դրանից հանում ես հեղինակներին հատկացվելիք գումարը, դերասաններին տրվելիք ելույթավճարը, ներկայացումը սպասարկող զուտ լույսի եւ նմանատիպ այլ կոմունալ վճարների գումարը, տակը բան չի մնում։ Միայն դահլիճը մեկ անգամ ջեռուցելու համար մեծ գումար է պահանջվում։ Եթե ասում են, որ թատրոնի ղեկավարների եւ դպրոցների տնօրենների միջեւ առեւտուր է սկսվում, չարաչար սխալվում են։ Երեւի չգիտեն, թե առեւտուրը որտեղ է սկսվում։ Ես չեմ հասկանում՝ մի՞թե մեր բոլոր դպրոցների տնօրենները կոռումպացված են (եթե այդպես ասում են), այսինքն՝ այս կրթական համակարգում մի մաքուր մարդ չկա՞։ Կոռուպցիան, կեղտոտ բաներն այստեղ չեն։ Եվ եթե, ասենք, որեւէ դպրոցի տնօրեն կամ ուսմասվար այդ տոմսերի 10-20 տոկոսը, լավագույն դեպքում՝ այդ 100 դրամը ստանում է, այդտեղ ի՞նչ վատ բան կա։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս