Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային եւ տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների եւ ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային եւ մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, եւ նման կազմով ու ձեւաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ էր տեղի ունենում: Երիտասարդներին հուզող շատ խնդիրներ իրենց լուծումները գտել են, բայց ներկաներն ունեին հարցեր եւ առաջարկներ, որոնց իրականացումից է կախված վերջիններիս հետագա աշխատանքի արդյունավետությունը: Բոլոր մարզային կառույցները ներկայացրին իրենց տարեկան աշխատանքները, խոսեցին առկա խնդիրների եւ դրանց լուծման իրենց առաջարկների մասին: Վարչապետը կարեւորեց մարզի երիտասարդների դերը կադրային քաղաքականության մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ կոռուպցիայի դեմ խիստ պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, նոր, մատչելի հիփոթեքային պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակելու ուղղություններ, գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների իջեցում եւ այլն: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խստագույնս պատժվելու են բոլոր այն պաշտոնյաները, որոնք մտնելու են կոռուպցիոն դաշտ։
Վերանայվելու են երիտասարդներին տրվող հիփոթեքային վարկավորման պայմանները, իրականացվելու են հարկային եւ մաքսային բարեփոխումներ, երիտասարդների համար ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ ձեռներեցությամբ զբաղվելու համար։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած տնտեսական, քաղաքական բարեփոխման ընթացքում հաշվի է առնվելու երիտասարդների կարծիքը, կլինեն քննարկումներ եւ կարծիքների փոխանակում։ «Այս հանդիպումներն ինքնանպատակ չեն լինելու: Մենք կունենանք երկկողմ քննարկումներ, եւ այդ հանդիպումների ընթացում կայացրած բոլոր որոշումներն իրականություն կդառնան»,- ասաց կառավարության ղեկավարը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն