Օրերս Armlur.am-ը հայտնել էր, որ օֆշորային սկանդալի մեջ հայտնված «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի և սնանկացման եզրին գտնվող գործարար Փայլակ Հայրապետյանի միջև առերեսում պետք է լինի:
Armlur.am-ի հետ զրույցում Փ. Հայրապետյանը հայտնեց, որ իրեն դեռևս առերեսման չեն կանչել, և հստակ օր դեռևս չի նշանակվել:
«Այսօր փաստաբանս բանկ է գնացել, որպեսզի ստուգի, թե ունեցած 32 մլն-ից ավելը ինչ են արել, ում են տվել: Վերցրել ծախել են, հարկային են ուղարկել՝ ծախածի հարկերը վճարեն. թե ինչ են արել, մարդ բան չի հասկանում: Խուլիգանների մի մեծ շարան ա, թե բանկը, թե նախկին վարչապետը… Իրանց կեղտերը միշտ փաթաթել են ուրիշի վզին, ուղարկել են բերդերը: Հիմա էլ գնացել, ամերիկաներում դեսպան ա, ինչ զահուրմար ա»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ Սուքիասյանի պաշտպանի հայտարարությունը, թե իր պաշտպանյալը ցուցմունքում չի նշել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, չի կարելի բացարձակ ճշմարտություն համարել: Փ. Հայրապետյանը համոզված է, որ դա էլ նախաքննական մարմնի վարած ներքին քաղաքականությունն է, որով իրականությունը թաքցնելու համար «անունը դրել են նախաքննության գաղտնիություն»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ Քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործարար Ա. Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ընթացքում, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին:
Նշենք նաև, որ 2009 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպության միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։
Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկ»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս այդ գումարը վերցնելով` փախել էր Հայաստանից: