Ընկերության գույքի վրա արգելանք է դրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. մարտին Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին`գումարի բռնագանձման պահանջով: Այս գործով առաջիկա դատական նիստը կկայանա հուլիսի 29-ին` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: «Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ»-ում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին:

Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը չեն ստացել: «Արջերմեկ» քաղաքացիական հայցով պահանջում է «Բենտոնիտ»ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ: Որպես հայցի ապահովում կիրառելու միջոց արգելանք է դրվել ընկերության գույքի վրա: Զարմանալի է, որ արդյունաբերական մեծ ձեռնարկության ողջ գույքի վրա կալանք է դրվել ոչ մեծ գումարի՝ 3,3 միլիոն դրամի համար,«Բենտոնիտ» ԲԲԸ ֆինանսական վիճակն այդքան վա±տ է, որ չի կարողանում մարել այդպիսի գումարը:

Այս ձեռնարկության գործունեության հետ կապված շատ հարցեր անպատասխան են: Օրինակ, ինչո՞ւ 2013թ. նոյեմբերից մինչեւ 2014թ. հունիսը ձգվեց ձեռնարկությանը հանքանյութի արդյունահանման լիցենզիայի տրամադրումը: Բենտոնիտի կոմբինատը մեծ նշանակություն է ունեցել Իջեւանի տարածաշրջանի սահմանագոտու զարգացման գործում: Այն հիմնադրվել է 1967 թվականին:

Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի հարյուրավոր բնակիչներ: Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման, վատ մենեջմենթի հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում:

Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է: Կոմբինատի ներկայիս սեփականատերերը ջավախեցի բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր հոսքագիծ է գործարկվել: Սակայն ինչպես երեւում է` կոմբինատի անխափան գործունեությունն ապահովել այդպես էլ չի ստացվում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս