«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ԲԻԶՆԵՍՆ ՈՒՆԵՆԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ որդի ունենալուց հետո շատ արագ անցավ աշխատանքի, թողարկեց ձայնասկավառակ, տեսահոլովակ: Մեր զրույցից պարզ դարձավ, որ Անահիտը հենց սկզբից էլ օգնող է ունեցել. «Դայակ ունենք, ումից, ի դեպ, շատ գոհ եմ, չնայած տատիկներն էլ են օգնում, բայց հիմնական դաստիարակչական աշխատանքներն ինքս եմ տանում երեխայի հետ»: Բնական է, որ այդ պարագայում նա կկարողանար իրեն ժամանակ տրամադրել:
-Ամեն դեպքում, չեմ մոռացել, որ ես կին եմ, երգչուհի եմ, պետք է աշխատեմ ինձ վրա ու գեղեցիկ երեւամ: Փորձել եմ անել ամեն ինչ, որ մարմնիս փոփոխություններ չլինեն:
-Մարզասրահի՞, թե՞ դիետայի արդյունքն է:
-Հիմնականում առանց ջանքերի վերադարձա հին չափերիս, բայց նաեւ հատուկ մերսումներ եմ ընդունել մինչ հղիանալս, այդ ընթացքում ու հետո էլ: Կերակրացանկիս եմ հետեւում, ամեն ինչ չեմ ուտում, մանավանդ երեկոյան ժամերին:
-Ձեր որդին դայակ ունի, հե՞շտ է երեխային վստահել ուրիշին, Հայկոն դեմ չէ՞ր:
-Հայկոն մինչ օրս իր երեխային ոչ մեկին չի վստահում, բայց ինքն էլ էր այն կարծիքին, որ ես չպետք է երեխայի հետ ամբողջ օրը փակվեմ տանը: Մենք միասին ենք ընտրել մեր դայակին: Մեր ծանոթների երեխաների դայակն է եղել, փորձ ուներ:
-Քանի՞ ամսական է Ձեր որդին, ի՞նչ հետաքրքիր բաներ է անում ու ստիպում, որ դուք էլ անեք:
-Արմանը 10 ամսական է ու արդեն ստիպում է, որ մեր ողջ ժամանակը տրամադրենք իրեն: Եթե առաջ մնում էր ե՛ւ տատիկների, ե՛ւ դայակի մոտ, հիմա արդեն դժվար է բաժանվում մեզանից: Վերջերս մի քանի օրով Մոսկվա էինք մեկնել ու հիմա երբ տանից դուրս ենք գալիս, իրեն թվում է, թե կրկին մի քանի օրով ենք գնում, սկսում է ուժեղ լաց լինել: Սիրում է ipad-ով զբաղվել, պապան է սովորեցրել, հիմա էլ փոշմանում է, քանի որ էլ չի կարողանում ձեռքից վերցնել:
-Վստահ եմ` շատ-շատերի մոտ Հայկոյի մասին տպավորություն էր ստեղծվել, որ նա խիստ հայկական ավանդական հայացքներով տղամարդ է, բայց ինչպես տեսնում ենք, Ձեզ չի արգելում շարունակել երգել, բեմ բարձրանալ:
-Նա լավ էլ խիստ հայկական տղամարդ է, դա չէ հարցը, բայց իմ աշխատանքին վերաբերող հարցերին այլ կերպ է նայում: Ամուսնուս աջակցությունը շատ կարեւոր է ինձ համար, եթե Հայկոն ինձ արգելեր, միգուցե ես էլ կոտրվեի, ոչինչ չանեի:
-Ճի՞շտ է, որ հիմա Հայկոն է Ձեր պրոդյուսերը:
-Դե եթե ինչ-որ համերգի են ուզում հրավիրել ինձ, զանգահարում են իրեն, ինքն է որոշում ու պարզում, թե ինչ համերգ է, ովքեր են լինելու: Երգերիս մեծ մասի գործիքավորումը նա է արել, ձայնագրություններս կատարվում են «H studio»-ում: Հայկոյի օգնությունն ինձ մեծ է:
-Գիտեմ նաեւ, որ վերջերս տեղափոխվել եք նոր բնակարան:
-Երկուսով ենք ընտրել մեր բնակարանը, նշանված ժամանակ սկսեցինք ման գալ, բայց գտանք ամուսնությունից հետո: Մինչեւ վերանորոգեցինք, ահագին ժամանակ տեւեց:
-Քաղաքի ո՞ր հատվածում է:
-Կենտրոնի նորակառույց շենքերից մեկում է, բայց հանգիստ թաղամաս է, կողմնակի աղմուկը մեզ չի խանգարում: Շատ լուսավոր ու գեղեցիկ բնակարան է, 13-րդ հարկում է, ամբողջ քաղաքը երեւում է, շատ գեղեցիկ տեսարան է բացվում նամանավանդ գիշերով:
-Հաշվե՞լ եք` որքան գումար ծախսվեց բնակարանի վրա:
-Հավատացե՛ք` չենք հաշվել, բայց եթե իմանայի էլ, չէի ասի:
-Վերանորոգման ընթացքին հետեւե՞լ եք, լսել եմ` դիզայներ էիք վարձել:
-Ամբողջ ընթացքին հետեւել ենք մենք, բայց ամեն ինչ արված է հենց մեր երկուսի ճաշակով, ոչ մի դիզայներ չենք վարձել: Խոհանոցի մասը իմ մտահղացումն է եղել, ինչպես պատկերացրել էի իմ խոհանոցը, այնպես էլ ստեղծեցինք իմ տանը:
-Երեխայի ու աշխատանքի հետ մեկտեղ հասցնում եք նաեւ խոհանոցո՞ւմ ժամանակ անցկացնել:
-Բնականաբար, ես շատ եմ սիրում խոհանոցը` չնայած ամուսնանալիս, ձվածեղից բացի, այլ բան չէի կարողանում պատրաստել: Հիմա դոլմայից սկսած, տորթերով վերջացրած պատրաստում եմ:
Ուժեղ կինը, իսկ ես ինձ ուժեղ կին համարում եմ, պետք է հասցնի ամեն ինչ: Ե՛ւ ընտանիքում, ե՛ւ դրսում, ե՛ւ աշխատանքի վայրում, ե՛ւ իր արտաքինի հետ կապված: Սուտ է, երբ ասում են` ժամանակը չի հերիքում: Առավոտյան շո՛ւտ արթնացիր, ամեն ինչ էլ կհասցնես:
-Նաեւ գիտեմ, որ անձնական բիզնես եք ուզում հիմնել:
-Շատ եմ ուզում բուտիկ ունենալ, որտեղ կվաճառվեն իմ ձեռքով ստեղծված բիժուտերիան եւ իմ էսքիզներով կարված հագուստը: Բիժուտերիաս ինքս էլ եմ կրում, տեսած կլինեք: Սկզբում մտածում էի մերսման սրահ ունենալ կամ սպա կենտրոն, հետո հասկացա, որ պետք է իմ սիրած գործով զբաղվեմ: Հայաստանում համերգները քիչ են լինում: Լինում է պահ, երբ դու զբաղված ես, բայց նաեւ լինում է ժամանակ, երբ անկում է, ոչինչ չկա անելու, շատ ես ուզում քո աշխատանքն ունենալ: Ես էլ որոշեցի, քանի որ սա իմ սիրած գործն է, ուրեմն պետք է զարգացնել այն:
-Այդ բիժուտերիան մատչելի՞ կլինի:
-Այո՛, միանշանակ, պետք է հաշվի առնել մեր ճգնաժամային վիճակը: Գներն այնպես կլինեն, որ ուսանողները չնեղվեն:
-Բրենդի անունը որոշե՞լ եք:
-Ուզում եմ, որ հենց իմ անունով լինի:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս